չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված միջազգային հանձնառությունները պետք է վերածվեն շոշափելի արդյունքների․ Աննա Կարապետյան

Կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված միջազգային հանձնառությունները պետք է վերածվեն շոշափելի արդյունքների․ Աննա Կարապետյան

Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացած՝ «Կենսաբազմազանության պաշտպանությունն արդարադատության միջոցով» խորագրով միջոցառմանը։

«Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության արդյունավետ պաշտպանությունը պահանջում է իրավական գործուն մեխանիզմներ, շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելում, պատասխանատվության ապահովում և միջազգային համագործակցության ամրապնդում։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Աննա Կարապետյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը, որի ընթացքում առաջին անգամ քննարկման առարկա է դարձել նաև շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում միջազգային միասնական ջանքերի գործադրման կարևորությունը։

Ամփոփելով խոսքը՝ Աննա Կարապետյանն ընդգծել է, որ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված միջազգային հանձնառությունները պետք է վերածվեն շոշափելի արդյունքների՝ ամրապնդելով արդարադատության ինստիտուտները, ապահովելով իրավական նորմերի արդյունավետ կիրարկումն ու շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կողմից՝ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: