ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կբարելավվի Հայաստանում եւ Բելառուսում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը

Կբարելավվի Հայաստանում եւ Բելառուսում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերին` Մինսկում: Համաձայնագրի նպատակն է կողմերի օրենսդրությանը համապատասխան սահմանել պատասխանատվություն իր տարածքում կամ դրանով օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար` հարգելով կողմ պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը:

ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ փաստաթղթով առաջարկվում է համատեղ եւ համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման եւ վերադարձի կազմակերպման հարցերում:

Բանախոսի հավաստմամբ` համաձայնագրի վավերացումը կստեղծի իրավական բարենպաստ պայմաններ երկու երկրներում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:

Փաստաթուղթը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

Արմեն Ղազարյանը նաեւ տեղեկացրել է, որ այս համաձայնագիրը ԵԱՏՄ շրջանակում երկրորդն է: Արդեն գործողության մեջ է ՌԴ-ի հետ հետընդունման փաստաթուղթը: Բանակցություններ են ընթանում Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը, կարեւորելով համաձայնագրի վավերացումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

Համաձայնագիրը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի արտահերթ նիստում:

Նշենք, որ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանի առաջարկով ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

  • Կիսվել: