հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԿԲ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի կտրուկ դանդաղեցում

ԿԲ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի կտրուկ դանդաղեցում

2020 թվականին տնտեսական աճը կկազմի 0.7%, որը զգալիորեն ցածր է նախկին կանխատեսումներից, սակայն հիմնականում կվերականգնվի 2021 թվականին՝ կազմելով 7.2%: Այս մասին ասված է Կենտրոնական բանկի հրապարակած «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթում։

Հատկանշական է, որ 2019-ի վեջին Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ: Պետական բյուջեում արտացոլված կառավարության կանխատեսումներն ավելի համեստ էին՝ 4,9%:

2008-ի հետ տարբերությունը

Պատճառը նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հարուցած սոցիալ-տնտեսական լուրջ դժվարություններն են: Դրանք, ըստ ԿԲ-ի վերլուծության, արդեն իսկ արտահայտվում է համաշխարհային արտադրական շղթաների, զբոսաշրջության և տրանսպորտային ծառայությունների խաթարմամբ, հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, ֆինանսական շուկաների ցուցանիշների վատացմամբ։

Ի տարբերություն 2008 թ․ համաշխարհային ֆիանանսական ճգնաժամի, որը հիմնականում հանգեցրեց պահանջարկի կտրուկ անկման, Կենտրոնական բանկը նկատում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի ավելի մեծ ազդեցությունը դրսևորվեց առաջարկի վրա՝ կամավոր և պարտադիր կերպով կրճատելով աշխատուժի առաջարկը, կանգնեցնելով արտադրական շղթաները։

Հայաստանի աարտահանման կարևոր տողերից հանդիսացող պղնձի միջազգային գները, ինչպես հայտնում են ԿԲ-ի, նույնպես, նախորդ կանխատեսման համեմատ, կձևավորվեն ավելի ցածր մակարդակում՝ կապված համաշխարհային տնտեսության թուլացման հետևանքով պղնձի միջազգային շուկայում պահանջարկի կրճատման հետ:

Կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ և հակահամաճարակային միջոցառումներով պայմանավորված՝ ՀՀ տնտեսական աճը 2020 թվականին զգալիորեն կնվազի, կարծում են ԿԲ վերլուծաբանները՝ միևնույն ժամանակ կանխատեսելով, որ անորոշությունների նվազմանը զուգընթաց, հետագայում այն կվերադառնա ներուժային մակարդակին:

«2020 թվականը սկսվել էր տնտեսական ակտիվության բարձր մակարդակով, ինչի մասին վկայում են հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները: Բարձր աճ է գրանցվել արդյունաբերության, շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում՝ կազմելով համապատասխանաբար 13.4%, 7.7%, 10.3%, 13.2%», - արձանագրված է ԿԲ հրապարակած փաստաթղթում:

Կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը 2020 թվականին:

Վերջինիս բացասական ազդեցությունը հիմնականում կնյութականանա 2020 թվականի երկրորդ եռամսյակում, որից հետո, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսությունը աստիճանաբար կվերադառնա իր բնականոն ընթացքին: Բացասական ազդեցություն կկրեն տնտեսության բոլոր ճյուղերը, սակայն ավելի խոցելի են տուրիզմի և ժամանցի հետ սերտ առնչություն ունեցող ոլորտները:

Ըստ ԿԲ գնահատականների՝ 2020 թվականին տնտեսական աճը կկազմի 0.7%, որը զգալիորեն ցածր է նախկին կանխատեսումներից, սակայն հիմնականում կվերականգնվի 2021 թվականին՝ կազմելով 7.2%:

«Չնայած համաճարակի ակնկալվող կարճաժամկետ ազդեցությանը, այնուամենայնիվ, համաճարակի տևողությունը մնում է որպես գերակա ռիսկ, և տնտեսական ակտիվության, ինչպես նաև տնտեսության կառուցվածքի և ներուժային մակարդակի հետագա զարգացումները մեծապես կախված կլինեն դրանից:

2020 թվականի առաջին կեսին, վերը նշված զարգացումների պատճառով ՀՆԱ ճեղքվածքը կպահպանվի բացասական տիրույթում, ինչը կմեղմվի խթանող դրամավարկային քաղաքականության և բյուջեի ակնկալվող խթանող ազդեցության արդյունքում: Կանխատեսվող հորիզոնում, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսական աճը կզուգամիտվի իր միջնաժամկետ հավասարակշիռ մակարդակին։

2020 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը բարձր կգտնվի նախորդ կանխատեսման համեմատ՝ պայմանավորված առևտրային բացասական հաշվեկշռի և տրանսֆերտների վերանայումներով։ Նախորդ կանխատեսման համեմատ գնահատվում է ավելի մեծ՝ 4.1 տոկոսային կետ ընդլայնող ազդեցություն (ենթադրվում է պետական ծախսերի 3.5% խնայողություն՝ մասնավորապես արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասով և հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2019 թ. մակարդակի պահպանում):

Ըստ ընթացիկ կանխատեսման, կարճաժամկետ հատվածում գնաճը ցածր կլինի նախորդ կանխատեսումից՝ պայմանավորված մի շարք ապրանքների մաքսային դրույքաչափերի՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխությունների հետաձգմամբ, ինչպես նաև տարեսկզբից «Ձու», «Միս» և «Վառելիք» ապրանքախմբերում գների նվազմամբ:

«Ակնկալվում է, որ «Ձու» և «Միս» ապրանքախմբերում տեղի ունեցած գնանկումը կկրի ժամանակավոր բնույթ, և հաջորդ եռամսյակում գնաճը կվերականգնվի առաջանցիկ տեմպով, ինչի արդյունքում համահունչ կլինի նախորդ կանխատեսմանը: Մյուս կողմից՝ հարկ է ևս մեկ անգամ նշել, որ, համաճարակային իրավի-ճակով պայմանավորված, ընթացիկ կանխատեսումների շուրջ անորոշությունները կտրուկ ավելացել են նախորդ եռամսյակի համեմատ», - ասված է ԿԲ-ի հրապարակած փաստաթղթում:

Տրանսֆերտներն ու արտահանումը

2020 թ․կանխատեսումներում էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ պայմանավորված համաշխարհային պահանջարկի նվազման նոր կանխատեսմամբ, ինչպես նաև ներքին տնտեսության սպասվող զարգացումներով։

Այսպես՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների մասով կանխատեսվում է նվազում՝ 5.0-7.0% միջակայքում։ Վերջինս, համաշխարհային պահանջարկի դանդաղման հետ մեկտեղ, կպայմանավորվի գործընկեր երկրների կողմից կիրառվող կանխարգելման միջոցառումներով։ Նշանակալիորեն կկրճատվեն միջազգային զբոսաշրջության ծավալները։

Ներքին թույլ պահանջարկի պայմաններում ապրանքների և ծա-ռայությունների ներմուծման իրական ծավալները նույնպես կկրճատվեն՝ ձևավորվելով 9.0-11.0% միջակայքում։

Կանխատեսվում է, որ բավականին կնվազեն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները՝ պայմանավորված նավթի գների կտրուկ անկման պարագայում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ և ռուբլու զգալի արժեզրկմամբ։ Միաժամանակ, դրամական փոխանցումների նվազման վրա էական ազդեցություն կունենան Ռուսաստանի կողմից միգրացիոն մուտքերի ժամանակավոր սահմանափակումները։ Մասնավոր փոխանցումների նվազումը կլինի 16.0-19.0% միջակայքում։

Համեմատության համար նշենք, որ 2019-ին Ռուսաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները ընդհանուր տրանսֆերտների պորտֆելում կրճատվել էր 59 տոկոսից դառնալով 45 տոկոս:

Նշված կանխատեսումների պարագայում 2020 թ․ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կլինի 7.0-9.0% միջակայքում:

Միջնաժամկետ հատվածում, տնտեսության հավասարակշռության գալու հետ միասին, ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշն աստիճանաբար կմոտենա հավասարակշիռ 3.0-5․0% մակարդակին։

  • Կիսվել: