շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերերը 2024-ից կվարեն բացառապես էլեկտրոնային դրամարկղային գիրք

Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերերը 2024-ից կվարեն բացառապես էլեկտրոնային դրամարկղային գիրք

2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ Դրամարկղային գիրք վարելու պարտավորություն ունեն բոլոր կազմակերպությունները և ավելացված արժեքի հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ էլեկտրոնային դրամարկղային գիրքը հաշվառելու համար հարկ վճարողն իր օգտանուն-գաղտնաբառով մուտք է գործում  Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, անձնական գրասենյակում հաշվետվություններ բաժնից ընտրում է էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման՝ 154-րդ հայտը:

 Համակարգում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ անհրաժեշտ տվյալները: Այնուհետև հարկ վճարող ընտրում է արժույթը՝ յուրաքանչյուր արժույթի համար վարելով առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք: Գրանցման հայտը վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: File-online.taxservice.am հարթակում հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից հարկ վճարողին ուղարկվում է ծանուցում՝ էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու դեպքում չի կարող վարել թղթային կրիչով դրամարկղային գիրք: Օրենսդրությամբ սահմանված է պատասխանատվություն՝ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու, ինչպես նաև գրքի վարման կանոնները խախտելու համար:

  • Կիսվել: