կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Մարտի 13-ին տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի թվով 6-րդ համակարգող խորհրդի նիստը։

Հանդիպման հիմնական նպատակն է ներկայացնել ծրագրի արդյունքներն ու ռազմավարական խնդիրները, և քննարկել կառավարմանն առնչվող ռազմավարական ուղղորդումները, ինչպես նաև քննարկել համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները:

Հանդիպումը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ողջույնի խոսքով։

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտի և Սևանա լճի համար ծրագրի բերած փոփոխություններից․

«Ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից է դրա լայն ճանաչումը բոլոր մակարդակներում և հարթակներում։
Ծրագրի բաղադրիչներից մեկով հիմնվել է Սևանա լճի ջրի որակական մոնիթորինգի համակարգը, որի արդյունքում լճի մասին խոսելիս այսօր մենք կարողանում ենք վստահորեն անդրադառնալ նաև դրա ջրի որակական ցուցիչներին։ Եվ այսօր արդեն կառավարության ֆինանսավորմամբ մենք ունենք ջրի որակի մոնիթորինգի կայացած համակարգ։ Այս ամենը մեզ բերելու է մի կետի, որից հետո փոփոխություններն անխուսափելի են, քանզի որոշումների հիմքում լինելու են գիտական տվյալները»,-նշել է Արամ Մեյմարյանը և անդրադարձել ծրագրի ծրագրի շրջանակում մշակվող օրենսդրական կարգավորումներին,-«Ծրագրի շրջանակում «Սևանա լճի մասին» օրենքի շատ կարևոր ուղենիշ ենք մեզ համար սահմանել»։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համահունչ և միավորված աշխատանքի համար։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության համար ռիսկերի գնահատմանը, որտեղ բնապահպանական ռիսկերը ամենակրիտիկականների շարքում են՝ ընգծելով EU4Sevan ծրագրի կարևորությունը:

Հայաստանում Գերմանիայի զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհավորել ներկաներին ծրագրի ակնառու ձեռքբերումների համար, ևս մեկ անգամ ընգծելով Սևանա լճի կարևորությունը Հայաստանի համար:

«Ծրագիրը բազում հաջողություններ է գրանցել իրականացման ընթացքում, որոնցից ցանկանում եմ առանձնացնել իրազեկության բարձրացման ոլորտում կատարված աշխատանքները և դպրոցահասակ երեխաների ակտիվ ներգրավվածությունը, որը կարևորագույն ձեռքբերումներից է հետագա սերնդի համար: Հիանալի արդյունքներ են գրանցվել նաև կայուն հողագործության, ինչպես նաև ծրագրիև մյուս ոլորտներում»:

ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը շարունակելով գործընկերների խոսքը, նույնպես անդրադարձել է ծրագրի արդյունքներին, ընգծելով դրանց կայունության ապահովման ու պիլոտավորված ծրագրերի ընդլայմնման անհրաժեշտությունը, վստահություն հայտնելով, որ դա հնարավոր կլինի ապագայում:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին կարևորել է EU4Sevan ծրագրի ռազմավարական նշանակությունը և համաձայնել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ, որ իրավական և ռազմավարական շրջանակների բարելավումը շատ կարևոր է լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարման համար և ընդգծել արդյունավետ միջոլորտային համակարգման անհրաժեշտությունը այս բազմաչափ խնդրի արդյունավետությունն ապահովելու համար։

Ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը ներկայացրել են ծրագրի արդյունքներն ու ռազմավարական խնդիրները:

Հանդիպումը ամփոփվել է ներկայացված ռազմավարական ուղղությունների քննարկմամբ, որի ընթացքում բարձրաձայնվել է ծրագրի գործընկերների համագործակցության ներուժը, և ընդգծվել ծրագրի արդյունքների կայունության ապահովման կարևորությունը:

 

  • Կիսվել: