հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կայացել է «Հայաստանում կանաչ պարտատոմսերի թողարկման շրջանակային մոդելի կառուցվածքի և բովանդակության մշակում…» խորագրով աշխատաժողովը

Կայացել է «Հայաստանում կանաչ պարտատոմսերի թողարկման շրջանակային մոդելի կառուցվածքի և բովանդակության մշակում…» խորագրով աշխատաժողովը

Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» («Scaling up green finance practices in Armenia») դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 12-ին կայացավ «Հայաստանում կանաչ պարտատոմսերի թողարկման շրջանակային մոդելի կառուցվածքի և բովանդակության մշակում․ միջազգային ֆինանսական հաստատությունների դերը կանաչ պարտատոմսերի մշակման և թողարկման գործում» խորագրով աշխատաժողովը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը:

Վերջինիս նպատակն էր ներկայացնել միջազգային ֆինանսական հաստատությունների փորձը կանաչ պարտատոմսերի թողարկման գործիքակազմի վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի արդյունքները։
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը, բրիտանական E Co. խորհրդատվական ընկերության գլխավոր խորհրդատու Սեթ Լանդաուն, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարությունից և այլ պետական գերատեսչություններից, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բանկային ոլորտի և ֆինանսական կառույցների պաշտոնատար անձինք։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանի համար կանաչ ֆինանսավորման գործիքակազմի ստեղծման այս փուլում հատկապես շատ կարևոր է պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի բովանդակային ու արդյունավետ երկխոսության կայացումը։

«Չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, վճռական է իր կլիմայական և բնապահպանական օրակարգի իրականացման հարցում, և այս ծրագիրը պետական-մասնավոր հատվածի միջև հաջող համագործակցության վառ օրինակ է»,-նշել է նախարարի տեղակալը:

«Հայաստանը պետք է մեծ ներդրումներ կատարի կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղղման գործում, որն ուղղակիորեն կապված է կանաչ ֆինանսավորման հետ: Շատ կարևոր է ջերմոցային գազերի արտանետումների և կլիմայի փոփոխության վրա բացասական ազդեցության վերահսկումը: Նոր վերլուծական գործիքների կիրառումը և կանաչ ֆինանսավորման հասանելիության բարելավումը կնպաստեն կանաչ տնտեսության անցմանը»,-նշել է նախարարի տեղակալը։

Աշխատաժողովին զեկույցով է հանդես եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը, ով ներկայացրել է «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի արդյունքները և հետագա փուլերը։

Բրիտանական E Co. խորհրդատվական ընկերության գլխավոր խորհրդատու Սեթ Լանդատուն ներկայացրել է «Հայաստանում կանաչ պարտատոմսերի թողարկման շրջանակային մոդելի կառուցվածքի և բովանդակության մշակում» առաջադրանքի արդյունքները և շահառուների համար մշակված գործիքները։

Աշխատաժողովն անցել է ակտիվ քննարկումների և հարց ու պատասխանի մթնոլորտում։

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: