երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ընդհանրապես արգելվի պետական պաշտոնյայի նվեր ընդունելը․ ՔՊ պատգամավորը՝ Արդարադատության փոխնախարարին

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ընդհանրապես արգելվի պետական պաշտոնյայի նվեր ընդունելը․ ՔՊ պատգամավորը՝ Արդարադատության փոխնախարարին

«Հաճախ մեր պաշտոնյաներին նշանակման հետ կապված շնորհավորում են ու լինում են նաև նվերներ, որոնք միգուցե թույլատրելի չեն կամ ունեն արժեք, երբ նվերը  պետք է հայտարարագրել։ Բայց պատկերացրեք, երբ որևէ նկար են նվիրում շնորհավորելու նպատակով, հետո պարզվում է ՝ Այվազովսկու նկարն էր։ Էս պաշտոնյան դրա մասին չիմանալով՝ ի՞նչ անի»,-  ԱԺ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվող «Հանրային ծառայության մասին»  և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց կողմից նվեր ստանալու ընթացակարգի վերաբերյալ նման դիտարկում արեց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Անդրադառնալով  նրա հարցին Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց․«Ոչ թե ցանկացած նվերի մասին է խոսքը, այլ իր պաշտոնական պարականությունները կատարելու շրջանակում ստացած նվերի։ Նվերները հաշվառելուն միտված ռեեստրը վարելու է կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովը»,-նա նշեց նաև, որ 40 հազար դրամը չգերազանցող  արժողությամբ թույլատրելի նվերները ենթական չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից  վեց ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական՝ այսինքն 5 և ավելի բնույթ կրող դեպքերին։

ՔՊ պատգամավորն էլ արձագանքեց․ «Կարծում եմ՝ճիշտ կլինի,որ ընդհանրապես արգելվի պետական պաշտոնյայի նվեր ընդունելը, կարգ սահմանեք, որ այդ նվերը փոխանցվի աշխատակազմին»։

Փոխնախարարի խոսքով, անգամ առաջադեմ երկրներում արգելք չկա, որ պաշտոնատար անձանց որոշակի գնային թույլատրելի սանդղակում նվերներ տան:

  • Կիսվել: