Կարևորվել է ՀՀ-ում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը. դեսպանն այցելել է ՀԱԷԿ
Հուլիսի 23-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները:
«ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կողմերին հետաքրքրող կարևոր հարցեր, անդրադարձ կատարվեց ՀԱԷԿ-ի գործունեության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչպես նաև նշվեցին այն աշխատանքներն ու նախագծերը, որոնք հաջողությամբ իրականացվել են ՀԱԷԿ-ում «Ֆրամատոմ» ընկերության հետ համատեղ՝ ֆրանսիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Արդեն իրականացվող կամ մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի շարքում հատկապես կարևորվեց Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով տարբեր երկրների հետ իրականացվող փոխգործակցությանը նաև Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը: ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ֆրանսիական կողմի հետ այս կարևոր հարցում և ուսումնասիրել ռեակտորային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկները:
Հանդիպման ավարտին կողմերը ներկայացրին իրենց առաջարկությունները և հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր կլինի արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն սկսել դիտարկված ոլորտներում»,- ասված է ՀԱԷԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: