շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարևոր որոշում. ՀՀ-ի  ու Ղազախստանի միջև համաձայնագիրը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը

Կարևոր որոշում. ՀՀ-ի ու Ղազախստանի միջև համաձայնագիրը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նխարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի  և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ:

Հիմնավորման համաձայն, Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄԱՏԳԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից:

Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝ մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետությունում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, իսկ միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքների ցանկը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց՝ համաձայնագրի վավերացումից հետո հնարավորություն է տրվելու, որ ղազախական վառելիքը ավելի բարելավված պայմաններով ներկրվի Հայաստան։

«Դա ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու: Սա կարևոր համաձայնագիր է՝ բավականին երկար քննարկված և բանակցված։ Այն ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»,- ասաց փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարևորեց այս որոշումը։

«Այո, շատ կարևոր է, ինչքան էլ մենք ասենք, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես, նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են, և այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու և նաև մրցակցությունը խթանելու հետ կապված մենք շատ անելիք ունենք։ ՏՄՊՊՀ-ն նույնպես լրջորեն զբաղվում է այս հարցով։ Մենք  Հայաստանում որևէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է սպառողների իրավունքների պաշտպանության վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդիկ պետք է ունենան հնարավորություն որակյալ և մատչելի ապրանք ձեռք բերելու համար։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ նկատեց, որ սրանով կդիվերսիֆիկացնեն շուկան, կհայտնվեն նոր խաղացողներ:

Նա նաև նշեց, որ պետք է հստակ արձանագրեն՝ պետական որևէ  խոչընդոտ որևէ տնտեսվարողի համար ՀՀ տարածքում չկա։

Վարչապետն ի պատասխան ասաց, որ 2018 թվականից հետո և բենզինի, և դիզվառելիքի շուկայում էական փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն դեռևս չեն համարում, որ լուծել են խնդիրը։

«Պետք է արձանագրենք, որ և բենզինի, և դիզվառելիքի ներկրողների քանակը մեծացել է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ է մեր շուկան արձագանքում միջազգային գների փոփոխություններին: Նախկինում շուկան գների բարձրացմանը շատ արագ էր արձագանքում, իսկ գների իջեցմանը՝  շատ դժկամությամբ։ Հիմա նույնպիսի արագությամբ են արձագանքում թե՛ գների նվազմանը, թե՛ բարձրացմանը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով բենզալցակայաններում վաճառվող բենզինի որակին և քանակին՝ նշեց, որ պետությունն այստեղ ունի պարտավորություն։

«Երբ քաղաքացին բենզալցակայանում վճարում է 5 լիտր պրեմիում տեսակի բենզինի համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրը իրոք 5 լիտր է, իսկ պրեմիումը իրոք պրեմիում է: Այստեղ մենք նաև օրենսդրական փոփոխություն արեցինք, որովհետև պարզվեց, որ եթե ուզում ես բենզալցակայանում ստուգես՝ ճիշտ բենզին է լցնում, թե ոչ, պետք է 3 օր առաջ իրենց տեղյակ պահես այդ մասին»,- ասաց վարչապետը։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ նշեց, որ քննարկում են նոր էլեկտրոնային համակարգ ներդնել, որով ՀԴՄ-ների տրամադրումը և բենզինի լիցքավորումը կփոխկապակցվի, ինչը կբացառի թե՛ խաբեությունը ոլորտում, թե՛ ՀԴՄ-ներ չտրամադրելու դեպքերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: