կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախագծային փուլից մինչև բուն շինարարություն որակյալ մասնագետների կարիք ունենք. կայացել է ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը

Նախագծային փուլից մինչև բուն շինարարություն որակյալ մասնագետների կարիք ունենք. կայացել է ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը

Կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2023թ․ ամփոփիչ նիստը՝ խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։

Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, Արմեն Ղուլարյանն արձանագրեց տարվա ընթացքում համալսարանի ակտիվ գործունեությունը․ «Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսնենք գործնականում՝ քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։ Այսօր հանրապետությունում ակտիվորեն իրականացվում են քաղաքաշինական տարբեր ծրագրեր, և նախագծային փուլից մինչև բուն շինարարություն որակյալ մասնագետների կարիք ունենք։ Նրանց պակասը լրացնելուն ու մասնագետների սերնդափոխությունն ապահովելուն պետք է ուղղված լինեն բուհի ջանքերն առաջիկայում»։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընդգծեց, որ կրթական ծրագրերը կազմելիս համալսարանը պետք է հաշվի առնի ինչպես աշխատաշուկայի ներկա պահանջարկը, այնպես էլ հեռանկարը և պետական քաղաքականությունը, որովհետև առաջիկա տարիներին գործունեության լայն դաշտ է բացվում հենց քաղաքաշինության բնագավառի մասնագետների համար։

Հաստատված օրակարգով ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկայացրեց 2023թ․ իրականացված աշխատանքներն ու բյուջեի կատարողականը, ինչպես նաև 2024թ․ նախատեսված ծրագրերը։ Կարևոր ձեռքբերումներից նա առանձնացրեց ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմի վերաճանաչումը Ֆրանսիայի պետական դիպլոմին համարժեք, ինչպես նաև համալսարանի անդամակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններին: Ռեկտորը տեղեկացրեց, որ ներդրվել են կրթական նոր ծրագրեր, գիտական հետազոտությունների համար ձեռք են բերվել նոր սարքավորումներ, զգալի նվաճումներ են արձանագրվել գիտական ասպարեզում։

Անդրադարձ եղավ պետական կառոււյցների հետ համագործակցության արդյունքում համալսարանին վստահված կարևոր ծրագրերին, որոնցից են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրատվությամբ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի, Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ քաղաքաշինական մի քանի նորմերի մշակման աշխատանքները։

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն տվեց համալսարանի տարեվերջյան հաշվետվությանը և հաստատեց 2024 թվականի ծրագրերն ու բյուջեն:

 

  • Կիսվել: