հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կարելի է բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները լրջորեն ներդնել հենց բնության վերականգման և շրջակա միջավայրի պահպանման վրա․ Փաշինյան

Կարելի է բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները լրջորեն ներդնել հենց բնության վերականգման և շրջակա միջավայրի պահպանման վրա․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում: Խորհրդակցության մեկնարկին ունեցած ելույթում Փաշինյանն ընդգծել է, որ շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով:

«Պետք է ուղիղ ասել, որ մարդու քաղաքակրթական ցանկացած գործունեություն ինչ-որ իմաստով հակաբնապահպանական երևույթ է, և ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է: Այդ բնական պաշարների օգտագործումը իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի»,-ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ վերը նշվածը շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք:

«Հետևաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն  է և դա ապահովելը: Պետք է ասել, որ ցավոք սրտի, այս չափանիշներով մենք չենք կարող ասել, որ մեր երկիրը գտնվում է ոչ միայն իդեալական, այլև մեզ համար ցանկալի իրավիճակում, և այստեղ մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք, բայց մյուս կողմից մենք չենք կարող տնտեսական և քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կանգնեցնել»,- նշել է վարչապետը:

Նա հավելել է, որ հասկանում է, որ իր բերած օրինակները, երբեմն, շատ սուր են.

«Այս շենքը, որում մենք նստած ենք, որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին կառուցման  պլանավորման փուլից սկսած մինչև հիմա: Չմոռանանք, որ այստեղ ինչ-որ մի ժամանակ եղել է կուսական բնություն և չմոռանանք, որ այն քարը, որ դուրս է բերվել հանքերից, կորզվել է բնությունից: Այս պարզ արձանագրումները շատ կարևոր են, որ մենք կարողանանք մեզ ճիշտ դիրքավորել բնության նկատմամբ՝ հասկանալով, որ կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել, բայց կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները լրջորեն ներդնել հենց բնության վերականգման և շրջակա միջավայրի պահպանման վրա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: