հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. այդ նպատակի համար 2024 թ. արդեն հատկացվել է 10 մլրդ դրամ

Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. այդ նպատակի համար 2024 թ. արդեն հատկացվել է 10 մլրդ դրամ

Կառավարության որոշմամբ բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 426 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը կհատկացվի 19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Ըստ մարզերի ֆինանսավորման բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 219 մլն, Արարատի մարզ՝ 650 մլն, Արմավիր՝ 366 մլն, Լոռի՝ 413 մլն, Կոտայք՝ 182 մլն, Սյունիք՝ 428 մլն, Տավուշ՝ 167 մլն: «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կլինի, որ կառավարությունը բյուջեից 10 մլրդ դրամ հատկացրել է մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար: Միայն 2024 թվականին՝ արդեն 10 մլրդ դրամ»,- ասել է Գնել Սանոսյանը:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ծրագրերի, դրանց ծավալի և ընթացքի վերաբերյալ: Այսպիսով՝ գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզում՝ Աշտարակ համայնքի Նոր Ամանոս և Ուջան բնակավայրերի ոռոգման ներտնտեսային ցանցի հիմնանորոգում, Ապարան համայնքի Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում: Արարատի մարզում՝ Արտաշատ համայնքի Ազատավան, Ջրաշեն, Մասիս, Բերքանուշ, Բաղրամյան բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ, Վեդի համայնքի Այգավան բնակավայրի խմելու ջրագծի կառուցում, Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի գազիֆիկացում, Մասիս համայնքի Գեղանիստ, Սիփանիկ, Հովտաշատ, Արգավանդ, Սայաթ-Նովա, Ղուկասավան բնակավայրերում փողոցային լուսավորության համակարգի կառուցում և նորոգում:

Արմավիրի մարզում՝ Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի թիվ 2 և Տանձուտ բնակավայրի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգում, Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում, Արմավիր համայնքի Սարդարապատ և Խանջյան բնակավայրերի մշակույթի տների հարակից պուրակների բարեկարգում, Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի մանկապարտեզի, Քարակերտ բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների ջեռուցման համակարգերի կառուցում: Լոռու մարզում՝ Ալավերդի համայնքի Ալավերդի, Շամլուղ և Ախթալա բնակավայրերի թվով 31 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում` ջերմաարդիականացմամբ, Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի վարչական շենքի տանիքի և Շամլուղ բնակավայրի վարչական շենքի հիմնանորոգում, Ալավերդի համայնքի 8 բնակավայրերի մոտ 5 կմ ճանապարհների կապիտալ վերանորոգում՝ տուֆ քարով սալարկմամբ, Թումանյան համայնքի Թումանյան, Դսեղ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Քարինջ բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում: Կոտայքի մարզում՝ Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի թիվ 1 մսուր մանկապարտեզի հիմնանորոգում, Նոր Հաճըն համայնքի Արգել, Գետամեջ, Նոր Արտամետ, Թեղենիք բնակավայրերի փողոցների և բակային տարածքների արտաքին լուսավորության անցկացման և Նոր Գեղի, Քարաշամբ բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ:

Սյունիքի մարզում՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի կոյուղու ցանցի և ջրամատակարարման ցանցի վերակառուցում, Կապան համայնքի Կապան բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գետափնյա 4, 6, 8, 10, 12 բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գյուղամիջյան զբոսայգու հիմնանորոգում, բարեկարգում:

 

  • Կիսվել: