երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կառավարությունը միանում է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» համաձայնագրին

Կառավարությունը միանում է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում հավանություն տվեց «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին:

«Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի հիմքը հանդիսանում է «Արևային էներգետիկայի խթանմամբ զբաղվող պետությունների Միջազգային արևային դաշինքի մեկնարկի մասին» 2015թ. նոյեմբերի 30-ի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերին նվիրված խորհրդաժողովում ընդունված Փարիզի  հայտարարությունը, որի նախաձեռնող պետություններն են Հնդկաստանը և Ֆրանսիան:

Համաձայնագրի նպատակը արևային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է՝ տեխնոլոգիաների, նորարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով և առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելու նպատակով՝ բարեկեցության, էներգետիկ անվտանգության և ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար:

Ներկայումս Շրջանակային համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: Համաձայնագրին միանալու դեպքում՝ ՀՀ-ն կլինի տարածաշրջանում առաջինը:

Միաժամանակ, Շրջանակային համաձայնագիրը կձևավորի կողմ-պետությունների հետ համագործակցության լրացուցիչ հարթակ:

Վերականգնվող էներգետիկան հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը։ Վերջին տարիներին մասնավորապես մեծ զարգացում է ապրել արևային էներգետիկան։

2023թ․ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում (ԱՄԷ) կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի անդամ երկրների 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանը միացել է «Վերականգնվող էներգիայի աղբյուրների եռապատկման և էներգաարդյունավետության համակարգերի կրկնապատկման» վերաբերյալ մի շարք անդամ երկրների կողմից նախաձեռնված հանձնառությանը, ինչի իրագործման հարցում կարևոր դերակատարում կարող է ունենալ «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին ՀՀ միանալու հանգամանքը։

  • Կիսվել: