կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կառավարությունը խաղող մթերող կազմակերպություններին կսուբսիդավորի

Կառավարությունը խաղող մթերող կազմակերպություններին կսուբսիդավորի

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որը պայմանավորված է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2024-ի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ։

Ծրագրի շրջանակներում 2021-2022 թթ խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու նպատակով 2021-ին 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5․4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, 2022-ին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել 9 կազմակերպության շուրջ 5․3 մլրդ դրամի չափով, իսկ 2023-ին՝ խաղող մթերող 3 կազմակերպության շուրջ 2․7 մլրդ դրամի չափով:

Ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի ապահովման նպատակով կանխատեսվող բյուջետային երաշխիքի չափը գնահատվում է մինչև 6 մլրդ դրամ՝ հիմք ընդունելով խաղողի մթերումների համար կնքված պայմանագրերի արժեքները:

Բացի այդ, վարկառուներին հնարավորություն է տրվել ներգրավել նաև լրացուցիչ վարկ՝  պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար։

Այժմ անհրաժեշտություն է առաջացել խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպություններին լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն ընձեռել բյուջետային երաշխիքի տրամադրման միջոցով, իսկ պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող կազմակերպությունների մոտ շրջանառու միջոցների անբավարարության հետ կապված խնդիրները մեղմել Ծրագրի շրջանակներում պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռքբերելու նպատակով լրացուցիչ վարկեր տրամադրելու միջոցով։

Նախագծով առաջարկվում է օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրել մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023-ին արտահանված արտադրանքի արժեքը,

Խաղողի մթերումներ իրականացնող վարկառուների համար Ծրագրից օգտվելու նպատակով պայմանագրերի կնքման սահմանված մինչև հուլիսի 1-ը ժամկետը երկարաձգվում է մինչև օգոստոսի 1-ը, իսկ սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող վարկառուների համար Ծրագրից օգտվելու նպատակով պայմանագրերի կնքման սահմանված մինչև հուլիսի 1-ը ժամկետը՝ մինչև հոկտեմբերի 1-ը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ աջակցելով մթերողներին, իրականում աջակցում են գյուղացիական տնտեսություններին. «Այս սուբսիդավորումը մթերող կազմակերպություններին կատարվում է այն դեպքում եւ այն չափով, երբ նրանք գյուղացիական տնտեսություններից այս վարկային միջոցներով ձեռք են բերել տվյալ տարվա գյուղատնտեսական արտադրանքը, առավելապես խաղողը»,-ասաց նա:

  • Կիսվել: