հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին

Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին

Կառավարությունը սահմանված կարգով ընտրված «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

 

Ըստ հիմնավորման, 2018-ին հիմնված ընկերությունը Գյումրիում զբաղվում է կարագի և բուսական մարգարինի արտադրությամբ, որի համար հումք է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետությունում արտադրվող, կովի բնական կաթից ստացվող, 21-50%  յուղայնությամբ կաթնային սերուցքը: Ամսեկան նախատեսվում է ներմուծել մինչև  650 տոննա կաթնային սերուցք իրանական մի քանի ընկերություններից: Արտադրանքի հիմնական մասը՝ ամսեկան 300-450 տոննան, նախատեսվում է արտահանել ՌԴ: ՀՀ տարածքի վաճառքի կանխատեսումը և կնքված նախնական պայմանագրերը կազմում են մոտավորապես 200 տոննա:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 299 մլն դրամի կապիտալ ներդրում և 41․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 6․3 մլրդ դրամ, որից 3․5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 45 նոր աշխատատեղ` 290 հազար դրամ միջին աշխատավարձով:

  • Կիսվել: