Կառավարության նիստի ժամանակ լույսերի անջատվելը ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր. Կարեն Դարբինյան
Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, այն ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։
Անդրադառնալով օգոստոսի 7-ին Օպերայում ներկայացման ժամանակ հոսանքի անջատմանը՝ պաշտոնյան նշեց․
«Այդ ամենը մանրակրկիտ բացատրվել էր թատորնի համապատասխան աշխատակիցներին, ասվել էր, որ տրանֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման, բայց անտեսել էին մեր կարծիքը, որից հետո տեղի է ունեցել բոլորին հայտնի վթարը։ Մեր մասնագետները վթարից հետո ևս մեկ անգամ ուսումնասիրել էին պատճառն ու նշել՝ խնդիրը տրանֆորմատորից է, արդյունքում՝ Օպերայի ղեկավարը նամակով դիմել է ՀԷՑ-ին ու խնդրել, որ բարեգործական ծրագրի շրջանակում թատորնի տրանսֆորմատորը փոխարինվի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն ու իրենց միջոցներով չեն կարող դա անել»,- մանրամասնեց Դարբինյանը։
Աբովյանի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ, մինչև հոսանքի անջատումը, ՀԷՑ-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից գրություն է ստացել երկու տրանսֆորմատորների մեկն անջատելու վերաբերյալ, տրանսֆորմատորներից մեկն անջատվել է։
«Արդյունքում խաղի օրն ամբողջ բեռն ընկել է մեկ տրանսֆորմատորի ու մեկ ուղղության վրա, որը, չդիմանալով ծանրաբեռնվածությանն, անջատվել էր։ ՀԷՑ-ի աշխատակազմն օպերատիվ արձագանքել է վթարի վերացմանը, որի շնորհիվ էլեկտրամատակարարումն արագ վերականգնվեց»,- ասաց Կարեն Դարբինյանը։
Այնուհետև նա անդրադարձավ նրան, որ համակարգից դուրս եկավ հայկական ատոմային էլեկտրակայանը, որի հետևանքով հոսանքազրկվեցին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները:
«Ամենամեծ խնդրին անդրադառնամ, հուլիսի 6-ին Երևանի ՀԷԿ-ում, որը պատկանում է միջազգային էներգետիկ կորպորացիային, խոշոր հրդեհ տեղի ունեցավ: Բոլոր ուղղությունները, որ ՀԷԿ-ից սնվում էին հրդեհի պատճառով հոսանքազրկվեց, և մենք ստիպված այս բոլոր ուղղությունները սնել ենք Ծիծեռնակաբերդ, Մյասնիկյան, Մերգելյան, Չարենց ենթակայաններից»,-նշեց նա:
Նա ընդգծեց. այս ժամկետում հնարավոր դարձավ թեկուզ ընդհատումներով, բայց էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովել մեր բաժանորդներին միայն ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրի շնորհիվ: