երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում այժմ սպառողը կարող է էներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ իր ընտրած էներգիա արտադրողից. Փաշինյան

Հայաստանում այժմ սպառողը կարող է էներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ իր ընտրած էներգիա արտադրողից. Փաշինյան

ՀՀ-ում գործում է էլեկտրաէներգիայի մի քանի սանդղականի սակագին, դա կապված է ծախսի ծավալի հետ, շատ դեպքերում խոշոր կամ որոշակի սանդղակի մեջ սպառողները վճարում են ավելի շատ, քան կենցաղային մակարդակում էներգիա սպառողները: Այս մասին քաղաքացու մտահոգությանն արձագանքելով` ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ նաև սոցիալապես խոցելի խմբերին են փորձում պաշտպանել, որ նրանց համար սակագինը հնարավորինս ընդունելի լինի:

«Բայց այդ խնդրի լուծումն էլ ենք տվել. եթե ունեք բիզնես, և էլեկտրաէներգիա եք սպառում, երկու լուծում կա. մենք ազատականացրինք էլեկտրաէներգիայի շուկան, սա չափազանց կարևոր որոշում է. այո, կա էլեկտրաէներգիայի սակագին, բայց քանի որ տարբեր արտադրողներ կան, ընդ որում` տարբեր սակագներ ունեն, ցանկացած սպառող կարող է էներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ էներգիա արտադրողից: Դուք կարող եք ասել` ես այս էներգիան չեմ ուզում, գնաք, բանակցեք որևէ արևային կայանի, հիդրոկայանի հետ, նրանցից կամ շուկայի էլեկտրաէներգիա վաճառողներից ձեռք բերեք էլեկտրաէներգիա` ձեր պայմանավորված սակագնով. ընդհանուր էլեկտրաէներգիայի 19 տոկոսը հենց այս մեխանիզմով է բաշխվում»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց` թեպետ գիշերը այդ կայանները հոսանք չեն տալիս, բայց ցերեկն արտադրածը ՀՀ էներգետիկ համակարգը վերցնում է, իսկ սպառողն իր արտադրած, կուտակած, չօգտագործած էներգիան կարող է հետ ստանալ, ինչը էներգետիկ ծախսերը էականորեն կնվազեցնի:

  • Կիսվել: