չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ջրային էկոհամակարգերը դեգրադացվում են». Կառավարությունը սահմանեց գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը

«Ջրային էկոհամակարգերը դեգրադացվում են». Կառավարությունը սահմանեց գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և կիրարկման մեխանիզմները սահմանելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կեղտաջրերի մաքրման բացակայության հետևանքով գետերի վերին հոսանքներում տնտեսական գործունեության արդյունքում դեգրադացվում են ջրային էկոհամակարգերը, իսկ ստորին հոսանքները օգտագործվում են որպես հանգստի գոտիներ, որտեղ մարդիկ անմիջապես շփվում են աղտոտված ջրի հետ՝ վնասելով առողջությունը: Կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև էկոհամակարգերի վիճակի գնահատման գործընթացում կարևոր դեր ունի գետի ինքնամաքրվելու հատկությունը։

Նախագծով սահմանվում է գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը, որը  կիրառելի է Հայաստանի բոլոր գետերի համար, ինչպես նաև ներկայացվում է վերջինիս կիրարկման մեխանիզմները։ 

Այս որոշման ընդունմամբ հնարավոր կդառնա ջրային ռեսուրսների ոլորտի կառավարման գործընթացներում և իրավական ակտերում ներդնել գետի ինքնամաքրման կարողության գնահատման գործիքակազմը: Այն մեծապես կնպաստի ջրային ոլորտում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման կարողությունների զարգացմանը, այդ գործընթացի պատշաճ  իրականացմանը՝ փոփոխվող կլիմայի պայմաններում:

Գետի ինքնամաքրման կարողության գնահատման իրականացումն հատկապես անհրաժեշտ է մակերևութային ջրային մարմինների որակի նորմերի սահմանման ժամանակ, ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների և դրանց ներկայացվող պահանջների սահմանման  համար, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամանակ՝ ջրի որակի մասով որոշումներ կայացնելիս, ջրային ռեսուրսների էկոլոգիական կարգավիճակի բացահայտման, կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման և հարմարվողականության միջոցառումների մշակման համար և այլ նպատակներով։

  • Կիսվել: