շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար». Արթուր Մարտիրոսյան

«ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցել են Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) օրվան նվիրված միջոցառմանը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ այս տարի լրանում է ՀՏՏՀ ծրագրի (ITEC) 60-ամյակը. այն Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կարողությունների զարգացման առաջատար հարթակն է, որը վերապատրաստել է շուրջ 160 երկրի ավելի քան 200 000 պաշտոնյայի ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական ոլորտում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 1999 թվականից են մասնակցում ՀՏՏՀ (ITEC) ծրագրին. այս ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով ծրագրից օգտվել են շուրջ 400 հայ մասնակիցներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հնդկաստանի Հանրապետության հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Նրա խոսքով՝ ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման համար:

«2014 թվականից ի վեր Հնդկաստանը միջազգային կարողությունների զարգացման շուրջ 100 000 դասընթացներ և կրթաթոշակներ է առաջարկել Հնդկաստանի առաջնակարգ հաստատություններում՝ ընձեռելով Հնդկաստանի մշակույթն ու հյուրընկալությունը զգալու հնարավորություն»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 31-ից: Համագործակցությունն իրականացվում է մի շարք ստորագրված փաստաթղթերի շրջանակում, որոնց մի մասն ընդգրկում է հենց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության իրականացման ոլորտները: Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում հայ-հնդկական համագործակցությունն առավել տեսանելի է, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում՝ ի դեմս Հնդկաստանի հազարավոր քաղաքացիների, որոնք բարձրագույն կրթություն են ստանում Հայաստանի բուհերում:

«Լիահույս ենք, որ այդ թիվը ժամանակի ընթացքում էլ ավելի կմեծանա: Հավատացած եմ՝ երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է նաև մարդկանց միջև բարի, ջերմ բարեկամական հարաբերությունների ձևավորումը: Կրթությունը, մշակույթն ու միջմշակութային հաղորդակցությունն են, որ միավորում են բարեկամ ժողովուրդներին և պետություններին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանն ու կարևորել ITEC-ի շրջանավարտների ներդրումը մեր երկրի հանրային կյանքում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է՝ ITEC-ի շրջանավարտները կամուրջ են հանդիսանում երկու բարեկամ երկրների միջև՝ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ուրախությամբ փաստել է՝ ՀՏՏՀ շրջանավարտներն այսօր կարևոր դիրքեր են զբաղեցնում Հայաստանում: Ամեն տարի Հայաստանին առաջարկվում է 40 տեղ: Այդուհանդերձ, վերջին մի քանի տարիների ընթացքում նկատվել է գրանցման անկում. դեսպանը հայ մասնագետներին կոչ է արել օգտվել այս հնարավորությունից: «Այցելելով մեր երկիր՝ դուք դառնում եք մեր մեծ ընտանիքի և Հնդկաստան կոչվող խճանկարի մի մասը: Դուք մեր դեսպաններն եք, որպեսզի աշխարհն իմանա իրական Հնդկաստանի պատմությունը: Հնդկաստանը միշտ հավատացել է իր գիտելիքների և փորձի փոխանակմանը բոլոր ոլորտներում, քանի որ մենք անկեղծորեն հավատում ենք, որ մարդու գիտելիքներն աճում են միայն այն ժամանակ, երբ դրանցով կիսվում են»,- նշել է Նիլակշի Սահա Սինհան:

Տեղեկացնենք՝ ՀՏՏՀ շրջանակում հասանելի դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է գտնել դեսպանատան կայքում:

  • Կիսվել: