ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրավական ակտերը համապատասխանեցվում են ԵԱՏՄ համաձայնագրին

Իրավական ակտերը համապատասխանեցվում են ԵԱՏՄ համաձայնագրին

2021թ. մայիսի 24-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը բազմաթիվ դրույթներ է պարունակում, որոնք սահմանում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, այն հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության: Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985թ. դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1891. հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերության «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ նույն մասի չորրորդ պարբերության «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքից առաջարկվում է հանել նաեւ տուգանքներին վերաբերող դրույթները, քանի որ դրանք սահմանված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:

Նախարարը նշել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալե օրենսգրքում տուգանքների չափերի բարձրացումը պայմանավորված է օրենքի սահմանած պահանջների խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցի համաչափության տրամաբանությամբ, քանի որ «թույլ» պատժամիջոցի առկայության պարագայում կարող են առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: Պատժամիջոցի խստացման առաջարկ արվել է նաեւ ԵԱՏՄ մոնիթորինգ խմբի կողմից` ապահովելու համար պատժամիջոցների ներդաշնակությունը ԵԱՏՄ տարածքում:

 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը հայտնել է, որ հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: