Իրանի գործընկերները TRIPP-ի մասով մտահոգություն չունեն. Խուդաթյան
Իրանը TRIPP-ի նախագծի հետ կապված մտահոգություն չունի։ Նման հայտարարություն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը` ԱԺ–ում պատասխանելով լրագրողների այն հարցին` արդյոք Իրանը վտանգ չի տեսնում TRIPP նախագծի հետ կապված։
«Մենք բազմաթիվ անգամներ Իրանի գործընկերների հետ խոսել ենք, մեր գործընկերների հետ փոխադարձ վստահության մթնոլորտում ենք աշխատում և վստահ եմ` իրենք այդ մասով մտահոգություն չունեն»,– ասաց Խուդաթյանը։
Անդրադառնալով նախագծի ֆինանսավորմանը, ապա նախարարը շեշտեց` դա պատկերացնում են այլ մոդելով` TRIPP զարգացման ընկերության ֆինանսավորման հաշվին։ Այսինքն` ոչ ստանդարտ բյուջետավորման տրամաբանությամբ, որով արվում է։
Խուդաթյանը շեշտեց` արդեն հայտարարել են, որ սկսում են TRIPP–ի որոշ ենթակառուցվածքների նախագծերի ձեռքբերման աշխատանքները, բայց առաջիկայում ավելի ծավալուն կհայտարարեն, թե կոնկրետ որ ենթակառուցվածքները կլինեն։
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ նշել է, որ բյուջեում դրա համար միջոցներ չկան, քանի որ շինարարությունը ֆինանսավորելու է Tripp development company-ն ՝ իր միջոցներով։ Նա հավելեց, որ ՀՀ–ի կողմից խնդիր կա հողամասերը հանձնել TRIPP զարգացման ընկերությանը` մաքրված տեսքով, քանի որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես կանցնեն ենթակառուցվածքները և որ հատվածները կզբաղեցնեն։



