շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի և ՀՀ-ի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև 3 մլրդ դոլարի առևտրի իրականացումը

Իրանի և ՀՀ-ի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև 3 մլրդ դոլարի առևտրի իրականացումը

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին և ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կայացած հանդիպման ժամանակ կարևորել են տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը և ֆինանսական, բանկային և առևտրային, ինչպես նաև մաքսային հարաբերությունների զարգացումն ու դյուրացումը, գրում է parstoday.com-ը:

Հանդիպման ժամանակ, Խանդուզին ասել է.«Իրանական և հայկական պատվիրակությունների այսօրվա հանդիպումն ընթանում է մի իրավիճակում, երբ Հայաստանի վարչապետն անցած օրերին համապատասխան բանակցություններ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ»։

Նա հավելել է.«Պարոն Ռայիսիի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևանության քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա, և ես հուսով եմ, որ երկու երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ , իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»։

Հայաստանի ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանը նաև ուրախություն հայտնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր առաջին այցի ընթացքում շատ լավ քննարկումներ են ծավալվել Իրանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ ասել է.«Իրանի և Հայաստանի տնտեսական և քաղաքական հարաբերությունները ավանդաբար գոյություն ունեն տասնամյակներ շարունակ»։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի բանակցություններում արծարծված առանցքային կետերին՝ Խաչատրյանն ասել է.«Բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրի միջև երկարատև համագործակցությունն է, և երկու երկրի առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը երեք միլիարդ դոլարի բարձրացնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»:

Անդրադառնալով նախորդ տարվա համեմատ 2021 թվականին երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի 25 տոկոս աճին, Խաչատրյանը հավելել է. «Ըստ այս տարվա 9 ամիսների վիճակագրության ու թվերին, կանխատեսվում է, որ այս տարի երկու երկրների միջեւ փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս»։

 

  • Կիսվել: