կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ինքնագլորներով երթևեկության քաոտիկ իրավիճակները կհաղթահարենք անհրաժեշտ կարգավորմամբ․ Փաշինյան

Ինքնագլորներով երթևեկության քաոտիկ իրավիճակները կհաղթահարենք անհրաժեշտ կարգավորմամբ․ Փաշինյան

Ինքնագլորներ կարող են վարել 18 տարին լրացած անձինք կամ 16 տարեկան անձինք, որ ունեն AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Այս մասին այսօր կառավարության նիստում ինքնագլորների երթևեկության կանոնների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Ինքնագլորները կարող են վարել հեծանվային գոտիներում, երթևեկելի գոտու աջամասային տարբերակում։ Առաքում իրականացնելիս հեծանիվով ու մոպեդներով երթևեկողները պետք է սաղավարտ կրեն, իսկ արագությունը 20 կմ/ժ է սահմանված։ Երկու դեպք կարող ենք ունենալ․ կա՛մ ունենում են սեփական ինքնագլորներ, կա՛մ վարձակալությամբ տարբեր ընկերությունների կողմից։ Պետք է ունենան ստուգաչափման սարքեր հատկապես ղեկով կառավարվող ինքնագլորների դեպքում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ երթևեկության կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն. «Խոսքը ինքնագլորների կանոնները խախտելու համար անպայման պատասխանատվության ենթարկելու մասին չէ, այլ շատ կարևոր է ձևավորել մշակույթ, որ թույլ կտա կանոնակարգված երթևեկություն ապահովել՝ հաշվի առնելով այդ միջոցների տարածվածությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ այս ոլորտում քաոտիկ իրավիճակ է, և այն անհրաժեշտ է կարգավորման․ «Որովհետև մի կողմից խրախուսում ենք մեր իրականության մեջ այլընտրանքային տրանսպորտների կիրառումը, բայց պետք է իրատեսական հնարավորություններ ստեղծենք, ու կարգավորենք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Քաոտիկ իրավիճակները կհաղթահարենք»։

Փոխվարչապետն էլ շեշտեց, որ անհրաժեշտ է քննարկել ապահովագրության հարցը․ «Պետք է այդ հարցը դրվի կազմակերպիչների առջև, քանի որ սա նաև երրորդ անձանց պատճառված վնասներրի աղբյուր է։ Դա նաև կբերի նրան որ կազմակերպիչները ամեն ինչ կանեն, որ երթևեկությունը անվտանգ լինի, իրենք կսկսեն կանոններ դնել ու բացառել նմանատիպ դեպքերը։ Շատ եմ տեսել, որ հարվածում են մեքենաներին, գույքային վնասները տեսանելի են»։

  • Կիսվել: