շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինձ մոտ ախտորոշեցին հիվանդություն, որի մասին միայն լուրերից էի տեղյակ

Ինձ մոտ ախտորոշեցին հիվանդություն, որի մասին միայն լուրերից էի տեղյակ

InfoPort.am-ը ներկայացնում է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած 40-ամյա կնոջ իրական պատմությունը՝ ցանկանալով գոտեպնդել այն կանանց, ովքեր արդեն բախվել են այս խնդրի հետ։ Ուրախալի է արձանագրել, որ չնայած  հիվանդության բարդությանը, դրա բուժման ուղղությամբ մեր երկրում էլ կա առաջընթաց և կան իրենց գործին ու առաքելությանը հավատարիմ, արհեստավարժ բժիշկներ։ Հասկանալի պատճառով հրապարակումն անանուն է։

Մեր սովորական առօրյա կյանքում, երբ հատկապես առողջական խնդիրներ չես ունեցել և չես առնչվել բժշկական հաստատությունների հետ, քաղցկեղ, բիոպսիա, ճառագայթում, քիմիաթերապիա բառերը քեզ ծանոթ են միայն լուրերից։ Բայց․․․ կյանքը լի է անակնկալներով, հաճախ նաև՝ ոչ հաճելի, և մի օր այդ հեռու թվացող սարսափելի բառերը կարող են վերաբերվել քեզ և դառնալ քո կյանքի մի մասը։

Ես կիսվում եմ իմ անձնական պատմությամբ՝ հույս ունենալով, որ իմ ապրումներն ու մտքերը խորթ չեն լինի կանանց և աղջիկներին, ավելին՝ հոգեպես կամրացնենք նրանց՝ անցնելու այդ ճանապարհը՝ իմանալով, որ Հայաստանում կան հրաշալի մասնագետներ։

Տարեկան պարտադիր բուժզննումը կարևոր է

Տարեկան բուզննումը, պարզվում է, կարևոր է։ Ու թեև մեզ մոտ բժշկական ապահովագրության ոլորտը դեռ աճելու ու զարգանալու շատ տեղ ունի, ամեն դեպքում, գործընթացը, ինչպես ասում են, սկսված է, ինչը ողջունելի է։

 2023թ․ օգոստոսի 7-ին ես գնացի տարեկան բուժզննման և տվյալներս լրացնելիս 40 տարեկան բառերը դարձան պրոֆիլակտիկ մամոգրաֆիկ հետազոտություն ցուցելու  հիմք։ Սկզբից մտածեցի, որ չեմ գնա հետազոտության, «հանգիստ ապրում եմ», բայց քանի որ աջ կրծքում ունեի շոշափվող կոշտուկ (երեխաներին կրծքով կերակրելուց հետո մնացած բարդություն), ամեն դեպքում խիզախեցի։

Սկսվեց բարդ շրջան, բայց դա միայն սկիզբն էր

Մամոգրաֆիկ հետազոտությունն իմ աջ կրծքում ախտորոշեց BI RADS-5 բնութագրով գոյացություն, ինչը նշանակում է մեծ հավանականությամբ քաղցկեղի առկայություն։ Ինձ թվաց վատ երազ է, երբ ասացին պետք է բիոպսիա անեն։ Ես, ոչ շատ ճշգրիտ հասկանալով ինչի մասին է խոսքը, բայց ենթագիտակցական ինչ-որ շերտում զգալով, որ դա «վատ» բան է, մի գերբնական ուժով արտաբերեցի «դա իմ մասին չի» խոսքերը։ Դա իմ առաջին ռեակցիան էր։

Ես, որ ամենուր գնում եմ ամուսնուս հետ, ցավոք, այդ օրը մենակ էի։ Լսելով բիոպսիայի մասին՝ դուրս պրծա այդ պատերից, որովհետև չգիտեի որքանով ադեկվատ կպահեմ ինձ։ Անմիջապես հիշեցի նման խնդիր ունեցած գործընկերուհուս, զանգեցի, և նա ինձ փոխանցեց բժիշկ Ներսես Բերբերյանի հեռախոսահամարը։

Ո՞վ է Ներսես Բերբերյանը

Ներսես Բերբերյանը կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ է, ղեկավարում է «Էրեբունի» ԲԿ-ի, «Վարդանանց» ՆԲԿ-ի և «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մամոլոգիական ծառայությունները։ Նա նաև ստեղծել է Breast Care/Կրծքագեղձի խնամք/ նախագիծը, որը զբաղվում է կրծքագեղձի առողջությանն առնչվող բոլոր հարցերով՝ հետազոտություններից մինչև բուժում։

Երիտասարդ, բայց շատ խոստումնալից բժշիկը այնքան մարդակենտրոն էր, որ նույնիսկ իմ խառնված վիճակը հասկանալով, ինձ օգնեց գրանցվել իր մոտ խորհրդատվության։ Ես երկու ժամ հետո նրա մոտ էի։ Լուռ լսեց, նայեց մամոգրաֆիայի արդյունքները և ասաց, որ նախընտրում է ևս մեկ հետազոտություն իրականացնել՝ հստակ որոշելու բիոպսիայի անհրաժեշտությունը։

Հուսամ՝ իմ պատմության ընթացքում կկարողանամ ընդգծել բժիշկ Ներսես Բերբերյանի մասնագիտական և մարդկային լավագույն հատկանիշները։ Ես միայն մտածում եմ, որ եթե հանրությունը ճանաչի այսպիսի մասնագետներին, ժամանակին կդիմի բժիշկներին և կստանա լավ արդյունք։ Իմ այս հրապարակման միակ նպատակը իմ պատմությամբ մարդկանց հավաստիացնելն է, որ ես հանդիպել եմ լավագույն բժիշկներից մեկին, և որ մեր առողջապահության ոլորտը բավական առաջ է անցել՝ չնայած դեռ գոյություն ունեցող հազար ու մի խնդիրների։

Բժշկական երկու ծանր գործողություն մեկ օրում

Օգոստոսի 10-ին ես բժիշկ Բերբերյանի մոտ անցա կոնտրաստ մամոգրաֆիա, որը ավելի խորացված մամոգրաֆիկ հետազոտություն է և միտված է պարզելու՝ արդյոք այդ կասկածելի օջախը ակտիվ կուտակում է կոնտրաստանյութը և բացահայտելու ուռուցքի իրական չափերը։ Հետազոտությունից հետո բժիշկը հաստատեց, որ անհրաժեշտ է բիոպսիա իրականացնել, որովհետև օջախը ինտենսիվ կլանում էր կոնտրաստանյութը, այսինքն՝ շատ բարձր ակտիվություն ունի, և  նույն օրը նշանակվեց core բիոպսիա։ Core բիոպսիան դա մի միջամտություն է, որի ընթացքում ուռուցքից տեղային անզգայացմամբ փոքրիկ նմուշներ են վերցվում։ Ես պատրաստ չէի, բայց ենթարկվեցի բժշկի որոշմանը։ Բժիշկն իմ խնդրանքով պարզաբանեց՝ արդյո՞ք բիոպսիան արագացնում է քաղցկեղը, այսպես ասած «կատաղեցնում է» այն։ Ներսես Բերբերյանն այս թեմայով հստակ ասաց, որ այդ ամենը ՄԻՖ է, բիոպսիան այն միակ հետազոտությունն է, որը թույլ կտա ճշգրիտ ախտորոշելու քաղցկեղի տեսակը և ընտրելու համապատասխան ամենաարդյունավետ բուժումը։

Այդ գործողությունից հետո նմուշն ուղարկվեց լաբորատորիա հետազոտության։ Չեմ կարող պատմել, թե այդ պատասխանին սպասելու 5 օրը քանի դար թվաց ինձ, բայց դիմացա։ Վաղ առավոտյան հնչեց բժիշկ Բերբերյանի զանգը՝ Ձեր պատասխանը եկել է, բարեբախտաբար այն չէ, ինչ մտածում էինք, մենք գործ ունենք նախաքաղցկեղային վիճակի հետ հնարավոր առկա քաղցկեղածին բջիջներով․․․ բայց ես այլևս չեմ լսում, հեռախոսը ձեռքիս պարում եմ։

Ես գնում եմ վիրահատության

Երկրորդ հետազոտությունից հետո հստակորեն ցուցվում է վիրահատություն, որից ես ցանկանում եմ խուսափել։ Խորհրդակցում եմ այլ մասնագետների հետ ևս, որոնք հիմնավորում են՝ վիրահատությունն անխուսափելի է։ Սեպտեմբերի 8-ին ես վիրահատվում եմ, գոյացությունը հեռացվում է, նմուշն ուղարկվում է հետազոտության, որը այնուամենայնիվ պետք է պարզեր աննշան քանակի քաղցկեղածին բջիջների առկայությունը։

Այս անգամ իմ լավատեսությունը բեկվում է

Այս անգամ ես ավելի հեշտ եմ սպասում այդ պատասխանին։ Բժիշկն ասել էր, որ վիրահատության ժամանակ անսպասելի բան չեն հայտնաբերել, բայց դա կարևոր չէ՝ պետք է սպասել հետազոտության պատասխանին։ Մի քանի օր անց բժիշկը զանգում է և ինձ ասում պատասխանը՝ ձեզ մոտ, պարզվում է, նոր սկսվող պրոցես էր՝ զրոյական փուլի ներծորանային քաղցկեղ:

Երկինքը փուլ է գալիս գլխիս։ Չեմ կարողանում պատկերացնել, որ այդ խնդիրը ինձ էլ հանդիպեց, բայց մյուս կողմից՝ ո՞վ է երաշխավորված։ Ամեն դեպքում, հավաքվում եմ և հաջորդ օրը գնում բժշկի՝ սկսվում են նոր լաբորատոր հետազոտություններ, որոնցից ամենաէական արդյունքն այն է, որ իմ ախտորոշումը ոչ ինվազիվ է, ինչը նշանակում է, որ քաղցկեղային բջիջները դեռ ունակ չեն տարածման։

Ինձ առաջարկվում է ցավալի, բայց, հավանաբար, անհրաժեշտ լուծում

Բժիշկ Բերբերյանն ասում է, որ իմ դեպքի ուղեցույցային բուժումը պարտադրում է ստանալ ճառագայթային բուժում, որն ինձ համար անսպասելի և ծանր լուծում էր։ Ես հրաժարվում եմ և դիմադրում, բայց գիշերները չեմ կարողանում քնել։ Որքան էլ արդեն վստահությամբ էի լցված իմ բժշկի նկատմամբ, այդուհանդերձ համարում էի, որ իր առաջարկած լուծումը այնքան էլ «տեղին չէ», ավելին՝ «ծայրահեղ է»։ Սակայն ամուսնուս ճնշումների ներքո մասնագետներին հակառակվելու մոտեցումս մեղմվում է, ես տեղի եմ տալիս։

Ճառագայթային թերապիա՝ պայծառ մասնագետի ղեկավարությամբ

Ես հայտնվում եմ «Իռա մեդիքըլ գրուպ»-ում՝ մի պայծառ մարդու՝ ուռուցքաբան-ճառագայթաբան Սևանա Աբնուսիի մոտ։ Ով անկեղծորեն ներկայացնում է առաջարկվող բուժումը՝ բացատրելով և հիմնավորելով, որ ճառագայթային թերապիան (ՃԹ) պրոտոկոլային բուժում է, և ամբողջ աշխարհի ճառագայթաբանները ենթարկվում են NCCN guideline-ին՝ իհարկե հիմք ընդունելով նաև տեխնիկական հնարավորությունները։ Իմ դեպքում, հիմք ընդունելով DCIS տեսակը, օրգան պահպանող վիրահատությունը և երիտասարդ տարիքը՝ ցուցված է հեռահար ՃԹ։

Ես ծանր եմ տանում այն ամենը, ինչ կատարվում է ինձ հետ, բայց մի զարմանալի դրական էներգետիկա է հորդում Աբնուսիից։ Նա այնպես վարպետորեն է ասում և՛ վատը, և՛ լավը, այնպես հոգատար է բացատրում բոլոր ռիսկերը և անմիջապես պատասխանատու կերպով ավելացնում՝ չվախենաս, ինչ էլ լինի, դեմը առնելու ենք: Ես հերթական անգամ տեղի եմ տալիս։

Նա ինձ ուղեկցում է թերապիային ընդառաջ իրականացվող հետազոտությունների և սկսում ենք բուժումը, որն իմ պարագայում, Աբնուսիի մեկնաբանմամբ, պրոֆիլակտիկ նշանակություն ունի և միտված է քաղցկեղի տեղային կրկնության կանխարգելմանը։ Բուժումն ավարտում ենք առանց լուրջ էքսցեսների և հուսով եմ՝ նաև առանց վատ հետևանքների։

Ինչպե՞ս է մեկնաբանում բժիշկ Բերբերյանը իմ դեպքի բուժումը

Մեկ ամիս անց ես բժիշկ Բերբերյանի մոտ անցնում եմ մամոգրաֆիկ հետազոտություն, որի արդյունքում նշվում է, որ վիրահատական զոնայում ոչ մի արտառոց բան չկա, սպին լավանում է լիարժեք, մնացորդային ուռուցքի նշույլներ չկան։

«Անցնելով այս բուժման գործընթացը՝ պացիենտն այժմ գտնվում է լիարժեք ապաքինման փուլում»,- ասում է Ներսես Բերբերյանը

 Ես հաղթահարեցի

Այժմ ես փորձում եմ վերադառնալ իմ բնականոն կյանքին՝ իհարկե չմոռանալով, որ պետք է պարբերաբար հետազոտվեմ։ Ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես ավարտվեց, և շատ եմ ուզում հավատալ, որ անցել եմ ճիշտ և գրագետ ճանապարհ՝ հմուտ և պատասխանատու բժիշկների ուղեկցությամբ, ինչի համար շնորհակալ եմ։

Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ, իմ պատմությամբ ես ցանկանում եմ ձեզ լավատեսություն հաղորդել, մատնանշել լավ մասնագետներին, ընդգծել, որ բոլոր խնդիրների դրական լուծման գլխավոր պայմանը դրանց շուտ հայտնաբերումն է։ Մի՛ վախեցեք հետազոտվել և խելամիտ ժամկետներում ձեր առողջական խնդիրներին լուծում տալ։

Ես շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ ուղղորդեց դեպի բժիշկ Բերբերյանը և շնորհակալ եմ այն լրատվամիջոցներին, այս դեպքում սիրելի InfoPort.am-ին, որոնք հնարավորություն տվեցին հանրության հետ կիսել իմ հույզերը և պատմել իրենց գործի գիտակ բժիշկների մասին։

Իրական բուժառուի պատմություն

 

 

  • Կիսվել: