կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչու է Կառավարության նիստի ժամանակ անջատվել հոսանքը. ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենը պարզաբանել է

Ինչու է Կառավարության նիստի ժամանակ անջատվել հոսանքը. ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենը պարզաբանել է

2024 թվականից մինչև 2030 թվականը մեր ծրագրերից է ապահովել Երևան քաղաքի փոքր Կենտրոնի անընդհատ էլեկտրամատակարարումը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը։

«Ուսումնասիրելով Երևանի խնդիրները՝ 2019-2023 թվականներին իրականացրել ենք Երևանում առաջացած հզորության դեֆիցիտի բավարարման աշխատանքները, 2016-17 թվականներին Երևանի կենտրոնի բուռն կառուցապատման հետևանքով առաջացել էր լուրջ հզորությունների դեֆիցիտ, որի բավարարումը լուրջ խնդիր էր, և այնտեղ գտնվող բոլոր բազմաբնակարան շենքերը սնվում էին ժամանակավոր սխեմայով։ Հաջորդը անընդհատ էլեկտրամատակարարման ապահովման ծրագիրն է, որը փորձում ենք իրականացնել երկու տարվա ընթացքում, բանակցությունների մեջ ենք քաղաքապետարանի հետ, որ քաղաքի կենտրոնում տեխնիկական միջամտություններ կամ վերակառուցումներ իրականացնելը ենթադրում է թույլտվություններ, որոշակի անհարմարություններ, բայց կհաջողենք»,- մանրամասնեց նա։

Վերջինիս խոսքով՝ նախատեսվում է մինչև 2030 թվականը իրականացնել ծրագրեր Երևան քաղաքի համար էլեկտրամատակարարման անխափանելիությունը ապահովելու համար։

Գրիգորյանն անդրադարձավ նաև շաբաթներ առաջ ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման դեպքին․ «Սպառողի տեսանկյունից երբ անջատում է լինում, միանգամից ՀԷՑ-ին են վերագրում, ոնց որ թե ՀԷՑ-ն է մեղավոր, որ անջատել են։ Էներգահամակարգի կառուցվածքը կազմված է արտադրողից, հաղորդողներից, բաշխողներից և սպառողներից։ Այս 4 կոմպոնենտն էլ իրենց պատասխանատվությունն ունեն։ Աղմկահարույց անջատումներ եղան, Կառավարության նիստի ժամանակ անջատվեց-միացավ, հանձնաժողովը վերլուծել է և ներկայացրել, որ անջատումը պայմանավորված էր բարձրավոլտ էլեկտրոցանցում տեղի ունեցած վթարով, այնտեղի ունեցած վթարները բերում են մասշտաբային անջատումների»։

Հիշեցնենք՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում հոսանքի խափանում էր եղել, և Կառավարության անդամները մի քանի րոպե անցկացրել էին մթության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր. «Մենք շարունակաբար Հայաստանում էլեկտրաէներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այդպես էլ հետևողական չենք լինում»։

  • Կիսվել: