երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչպես հայկական ապրանքները ներմուծել ամերիկյան շուկա. Երևանում նոր նախագիծ ներկայացվեց

Ինչպես հայկական ապրանքները ներմուծել ամերիկյան շուկա. Երևանում նոր նախագիծ ներկայացվեց

Հայկական ապրանքները ԱՄՆ շուկայում ներկայացվելու ու առևտրային ցանցեր ներթափանցելու նոր հնարավորություն կստանան։ Այս մասին հայտնեց Armenian business corner (Հայկական բիզնես անկյուն) նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը։
Նա նկատեց` մասնակցել է բազմաթիվ մեկօրյա ցուցահանդես– վաճառքների, որոնց ժամանակ ներկայացվել է հայկական ապրանքը։Մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, բայց մեկ օրը բավական չի եղել արդյունավետ գործարար կապեր հաստատելու համար։
 
Արդյունքում ծագել է միտքը` ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ հայկական ապրանքներն ավելի արդյունավետ կցուցադրվեն` հետագայում ամերիկյան շուկա մտնելու ու ցանցերի հետ աշխատելու հեռանկարով։
 
«Նախագծի հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է։ Դա կօգնի ոչ միայն հզորացնել երկիրն ու տնտեսությունը, այլև որոշակիորեն անվտանգային հարց կլուծի։ Պատերազմի ժամանակ երկրները պաշտպանում են իրենց շահերը. իրենց ներդրած մեկ դոլարն իրենց համար ավելի թանկ է, քան մեզ համար շատ թանկ մեր խաչքարերը», – նշեց Հայրապետյանը։
Նախագծի ղեկավար Նազելի Հակոբյանն իր հերթին նկատեց, որ բիզնես անկյունը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում, որտեղ ներկայացված են բազմաթիվ ընկերություններ։ Իսկ տաղավարն այս պահին վերանորոգվում է ու բացվելու է հունվարի 21–ին։ Հակոբյանը նկատեց, որ այն իր դիզայնով յուրօրինակ հարթակ է, որը «տեղափոխելու» է մարդկանց ԱՄՆ–ից Հայաստան։ Անգամ սալիկներն են պատրաստված Հայաստանում ու հայկական հողից։
 
«Ներկայացված են լինելու լավագույն հայկական ընկերությունները։ Չի լինելու մեկը, որն արժեզրկելու է մյուս հայկական ապրանքները։ Բոլոր հայկական ապրանքները ներկայացված են լինելու մեկ տեղում, բայց չեն տարրալուծվելու մնացած ապրանքների մեջ։ Մեր հիմնական նպատակը ոչ թե ամերիկայի հայկական շուկա մտնելն է, այլ հենց ամերիկյան շուկան», - ընդգծեց Հակոբյանը։
 
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն էլ նկատեց, որ առանձնահատուկ կարևորում է նախագիծը, քանզի այն նպաստելու է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Դեսպանը նկատեց, որ հայ–ամերիկյան գործարար կապերը և առևտրաշրջանառությունը վերընթաց են ապրում։ Եթե 2021 թվականին առևտրաշրջանառությունը (արտահանումն ու ներկրումը) 133մլն դոլար էր կազմում, ապա 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր կազմել է 189 մլն դոլար։
 
«Ակնկալում է, որ առևտրաշրջանառությունը 200 մլն–ի շեմը կհատի։ Այս ցուցանիշները հայկական արտադրանքի պահանջարկի մասին են վկայում։ Նախագիծը հնարավորություններ կբացի մեր գործարարների և հայկական արտադրանքի համար ոչ միայն տեղական հայկական շուկայում հարատև մնալու, այլև ամերիկյան շուկա ներթափանցելու առումով»,-հավելեց հյուպատոսը։
 
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն Զարեհ Սինանյանն էլ իր հերթին նկատեց, որ ամերիկյան շուկան միշտ համարվել է բարդ շուկա, ու անհրաժեշտ ծավալի աշխատանք չի իրականացվել հայկական ապրանքների առաջխաղացման համար։ Ըստ նրա` եկել է ժամանակը օգնելու հայական արտադրանքին` ճանաչելի լինել ամերիկյան շուկայում։
«Կան բազում դեպքեր, երբ հայ արտադրողը կարողացել է դուրս գալ լավագույն առևտրաշղթաների վրա, սակայն գործարքները չեն ստացվել, քանի որ չեն կարողացել ծավալներն ապահովել։ Ուրեմն հրաժեշտ է ճիշտ ռազմավարություն և մոտեցում, կենտրոնացում, բարձր որակ ու արժեք ունեցող արտադրանքի վրա, և ապահովել այնպիսի նիշ, որ այլ երկիր չի ապահովում», – ասաց նա։

  • Կիսվել: