չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինչպես է ռուսների հոսքը փոխել կյանքը Երևանում, խթանել տնտեսությունն ու ավելացրել գնաճը. РБК

Ինչպես է ռուսների հոսքը փոխել կյանքը Երևանում, խթանել տնտեսությունն ու ավելացրել գնաճը. РБК

Ռուսական РБК պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ՀՀ տեղափոխված ռուսաստանցիներին՝ կենտրոնանալով այն թեմաների շուրջ, թե ինչպես է նրաց հոսքը փոխել երևանյան կյանքը, դրական ազդեցություն գործել տնտեսության վրա, բայց միևնույն ժամանակ նպաստել գնաճին և այլն:

«Ռուսների զանգվածային ժամանումը Հայաստան, որը սկսվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկին զուգահեռ, այժմ տեսանելի է անզեն աչքով», - գրում է պարբերականը։

Ինչպես РБК-ին հայտնել են Հայաստանի միգրացիոն ծառայությունում, տարեսկզբից և հոկտեմբերի վերջի դրությամբ հանրապետություն է մուտք գործել ավելի քան 786 000 ռուսաստանցի, Ռուսաստան վերադարձել 744 000-ը, այսպիսով, ավելի քան 30 000 ռուսաստանցի մնացել է Հայաստանում, ինչը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ըստ որի՝ Հայաստանում մնացել է 16 000-ից մի փոքր ավելի ռուսաստանցի։

Ծառայությունը հայտնել է նաև, որ այս տարի Հայաստանում կացության թույլտվության  համար արդեն դիմել է ՌԴ 4230 քաղաքացի և նրանց ընտանիքի 1332 անդամ։ Կացության թույլտվության դեպքում կարելի է շարունակաբար մնալ երկրում ավելի քան վեց ամիս: Առանց դրա ռուսաստանցիները կարող են ազատ երկրում մնալ մինչև 180 օր։

«Հայաստան են տեղափոխվել առաջին հերթին այն ռուսաստանցիները, որոնք կարող էին հեռավար աշխատել և նրանք, ովքեր կարող էին արագ աշխատանք գտնել տեղում։ Զարմանալի չէ, որ հենց դա է պատճառը, որ տեղափոխված ՏՏ մասնագետների տոկոսը չափազանց բարձր է:

Սեպտեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է այս երևույթի ազդեցությունը. նրա խոսքով՝ «դեպի Հայաստան հոսքերը մեծապես օգնել և օգնում են» հանրապետությանը։ Սեպտեմբերի 7-ին Արևելյան տնտեսական համաժողովում Փաշինյանը հույս է հայտնել, որ արդյունքում այս տարի Հայաստանի տնտեսությունը 7 տոկոս աճ կգրանցի։ Հոկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը` ավելացնելով այն  1,6%-ից մինչև 13%:

«ՏՏ ոլորտում մենք տեսնում ենք մարդկային կապիտալի 25 տոկոս աճ։ Հայաստան են տեղափոխվում տաղանդավոր, լավ կրթված մարդիկ, ինչը կարող է տևական ազդեցություն ունենալ»,- Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ծառայությունների ոլորտում արդեն իսկ զգալի աճ է գրանցվել։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ միայն հունվարից օգոստոս ամիսներին Հայաստանում մատուցվող ծառայությունների ծավալն անցյալ տարվա համեմատ աճել է 27,1%-ով։ Դրանում ամենամեծ ներդրումն են ունեցել ֆինանսական և ապահովագրական, ինչպես նաև տրանսպորտի և կապի ոլորտները։

Բացի այդ, անհրաժեշտ հմտություններ և աշխատանքային փորձ ունեցող ռուսաստանցիների այցելությամբ Երևանում բացվում են սրճարաններ, բարեր և փոքրիկ համերգային վայրեր: Ինչպես РБК-ին հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում, փետրվարից օգոստոս ամիսներին ռուսաստանցիները երկրում գրանցել են ավելի քան 2,7 հազար ընկերություն», - գրում է աղբյուրը:

 

Նշվում է, որ ներհոսքի ֆոնին Հայաստանում գներն աճել են։ ՀՀ Կենտրոնական բանկը գնաճի կանխատեսումը 4%-ից արդեն հասցրել է 10%-ի։ Երկրի իշխանությունները խոստովանել են, որ պահանջարկի պատճառով, որը սկսել է կտրուկ աճել, խնդիրներ են առաջացել անշարժ գույքի շուկայում։

«Երևան եմ ժամանել փետրվարի վերջին։ Ոչ անմիջապես, բայց կարողացել եմ ամսական 600 դոլարով բնակարան վարձել։ Սա չնայած այն հանգամանքին, որ մինչև փետրվարի 24-ը այն վարձակալության են տրվում 250 դոլարով: Մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո ամբողջ Երևանում բնակարանների գները կրկին բարձրացել են:. Հիմա գինը 1200-1500 դոլար է։ Մի քանի շաբաթ առաջ տանտերս ասաց, որ նոյեմբերի 1-ից թանկացնում է գինը, և ես պետք է վճարեմ 850 դոլար»,- պատմել է ֆինանսական խորհրդատու Եգոր Ստեփանյանը, որը կնոջ և դստեր հետ Սանկտ Պետերբուրգից է տեղափոխվել Հայաստան։

Ինչպես РБК-ին հայտնել են «Կենտրոն»  անշարժ գույքի խոշորագույն գործակալություններից մեկում, փետրվարի վերջից վարձակալության գները բարձրացել են 100%-ով, իսկ Երևանում գործնականում ազատ բնակարաններ չկան։ Ռուսների մեծ մասը վեց ամսով պայմանագիր է կնքում երկարաձգման հնարավորությամբ։ Նաև ռուսների հոսքը քիչ չափով, սակայն  ազդել է բնակարանների վաճառքի վրա։

«Տարեսկզբից տրանսպորտը հանրապետությունում թանկացել է ավելի քան 10%-ով։ Միջին հաշվով, ըստ РБК-ի զրուցակիցների, հասարակական տրանսպորտը մնում է ավելի էժան, քան Ռուսաստանում։ Սակայն վերջին վեց ամիսների ընթացքում տեղական տաքսիների գներն արդեն մի քանի անգամ աճել են:

 

«Ռուսական ալիքից» շահել է բանկային հատվածը։ Միայն առաջին վեց ամիսներին հայկական բանկերի մաքուր շահույթը կազմել է 111 մլրդ դրամ (280 մլն դոլար), մինչդեռ նախորդ տարի նույն ցուցանիշը գրեթե երեք անգամ պակաս էր՝ 40 մլրդ դրամ։ Ինչպես նշել է օգոստոսին այս տվյալները ներկայացրած Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը, շահույթի աճը հիմնականում ապահովել են զբոսաշրջիկները և ոչ ռեզիդենտները։

Այս տարվա մայիսին ՀՀ ԿԲ նախագահ Գալստյանը հայտնել էր նաև, որ վերջին շրջանում շուրջ 16 000 ոչ ռեզիդենտներ նոր հաշիվներ են բացել հայաստանյան բանկերում, և նրանց մեծ մասը Ռուսաստանի բնակիչներ են։ Ինչպես РБК-ի հարցմանն ի պատասխան հայտնել են համապատասխան կարգավորիչից, սեպտեմբերի վերջի դրությամբ տեղական բանկերում ընթացիկ հաշիվների վրա ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց միջոցների չափը կազմել է մոտ 375 մլրդ դրամ (933 մլն դոլար): Սա գրեթե երեք անգամ ավելի է, քան նախորդ տարի։

Ռեկորդային աճ է գրանցել նաև Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ծավալը։ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գնահատականներով՝ տարվա առաջին ութ ամիսներին այն կազմել է 1,9 մլրդ դոլար՝ 2021 թվականի համեմատ աճելով գրեթե երեքուկես անգամ։

Միաժամանակ գնալով դժվարանում է հայկական բանկերում հաշիվ բացելը։ Մարտ ամսից վարկային կազմակերպությունները բազմիցս բարդացրել են ոչ ռեզիդենտների համար հաշիվ բացելու և քարտ ստանալու կարգը։ Այս մասին РБК-ին հայտնել են մարտին Երևան տեղափոխված մի քանի ռուսաստանցիներ։ Նաև որոշ բանկեր բարձրացրել են քարտերի սպասարկման սակագները և սահմանել փոխանցումների սահմանափակում։

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը Հայաստանում ամենուր չէ, որ աշխատում են, РБК-ին բողոքել են դրանց սեփականատերերը։ Սեպտեմբերի 21-ին ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ տեղական բանկերն ինքնուրույն կորոշեն՝ սպասարկե՞լ նման քարտեր, թե՞ ոչ։ Կարգավորողն այս առաջարկությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել արտասահմանում ռուսական վճարային համակարգին աջակցելու համար», - նշվում է հոդվածում։

Անդրադառնալով Հայաստանում ռուսաստանցիների կյանքի և առօրյայի կազմակերպմանը՝ աղբյուրը գրում է.«Ռուսների զանգվածային հոսքի կապակցությամբ Հայաստանում հայտնվել են կազմակերպություններ՝ օգնելու կազմակերպել նրանց կյանքը նոր վայրում։ Այդպիսի հարթակներից էր մայիսին Երեւանում ստեղծված Hume հիմնադրամը։ Այն զբաղվում է միգրանտների ինտեգրմամբ մշակույթի, կրթության և սոցիալական ոլորտների միջոցով։ Շաբաթը մեկ անգամ հիմնադրամն անցկացնում է դասախոսություններ և հանրային միջոցառումներ Հայաստանի պատմության, մշակույթի և առօրյայի վերաբերյալ։ Միջին հաշվով նման միջոցառումներին մոտ 100 մարդ էր գալիս, սեպտեմբերի 21-ից հետո հանդիսատեսը նկատելիորեն ավելացել է»:

«Շնորհիվ այն բանի, որ շատ ռուսներ իրենց երեխաների հետ են տեղափոխվում Հայաստան, արդիական է դարձել դպրոցներում ռուսերենով դասավանդելու հարցը։ Ապրիլին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել էր ավելացնել ռուսալեզու դասարանների թիվը։ Այժմ նման դասարաններ կան Հայաստանի 60-ից ավելի դպրոցներում, որոնց կեսը Երևանում է։

Ապրիլին Երևանում բացվել է «Ազատ դպրոց»: Սա վճարովի դպրոց է, որտեղ կրթությունը բացառապես ռուսերեն է։ Ծրագիրը ներառում է բոլոր պարտադիր առարկաները և հայոց լեզուն։ Բոլոր ուսուցիչները Հայաստան տեղափոխված ռուսներ են: Ըստ դպրոցի կայքի՝ ուսման մեկ ամիսն արժե 70 000 դրամ:

Միաժամանակ հայաստանյան մայրաքաղաքի համար նորմա են դարձել ռուսաստանցիների կազմակերպած համերգները, ստենդ-ափ կատակերգուների ելույթները, ֆիլմերի ցուցադրությունները և նույնիսկ դասախոսությունները։

«Ընդհանուր առմամբ, Երևանի և Հայաստանի համար մարդկանց հոսքը հանգեցրել է նրան, որ մարդիկ ընդհանրապես սկսել են ավելի լավ շփվել միմյանց հետ։ Եվ սկզբունքորեն սա շատ պարարտ հողի վրա է, քանի որ այստեղ ռուսների հետ կապված կարծրատիպեր չկան»,- ամփոփել է երևանաբնակ Յուրին։

  • Կիսվել: