շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ինչ շրջանակում կկայունանա դոլարի փոխարժեքը. տնտեսագետը՝ վերջին միտումների և սպասելիքների մասին

Ինչ շրջանակում կկայունանա դոլարի փոխարժեքը. տնտեսագետը՝ վերջին միտումների և սպասելիքների մասին

Հայաստանում դոլարի փոխարժեքի մի քանի օր նկատվող բարձրացումից հետո հակառակ գործընթացն է տեղի ունենում, դրամը դոլարի նկատմամբ կրկին արժևորվում է: Կենտրոնական բանկի՝ հոկտեմբերի 11-ին սահմանած վերջին փոխարժեքների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.30 դրամով և կազմել 395.22 դրամ՝ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 4-ի դրությամբ դոլարը հասել էր 429.14 դրամի, բանկերը մեկ դոլարը վաճառում էին ընդհուպ 454 դրամով:

Տնտեսագետ Արմեն Քթոյանն իրավիճակի կայունացումը կապում է Կենտրոնական բանկի միջամտության, նաև մարդկանց սպասումների փոփոխության հետ, կարճաժամկետ կտրվածքում՝մոտ ապագայի համար կտրուկ փոփոխություններ չի կանխատեսում, կարծում է, որ դոլարը կկայունանա կրկին 400 դրամի շրջակայքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետը հիշեցրեց, որ մի քանի օր տևած դոլարի փոխարժեքի բարձրացման կամ դրամի արժեզրկման հիմնական պատճառը խուճապային տրամադրություններն էին:

«Այսինքն՝ հանրությունն ուներ բացասական սպասումներ՝ պայմանավորված Արցախում ստեղծված իրավիճակով, քաղաքական անկայունությամբ: Սովորաբար նման իրավիճակներում մարդիկ սպասում են նաև ֆինանսական անկայունություն, ֆինանսական խնդիրների և փորձում են ապահովագրվել: Ապահովագրումն էլ լինում է նաև արտարժույթ ձեռք բերելու եղանակով: Ըստ էության, դրա հիմքում էական լուրջ շարժառիթներ չկային»,-ասաց Քթոյանը:

Նմանօրինակ սպասումները ստեղծում են արտարժույթի նկատմամբ աժիոտաժային պահանջարկ, ինչը, գերազանցելով առաջարկը, դեֆիցիտ է առաջացնում շուկայում: Նրա գնահատմամբ՝ իրավիճակը կայունացավ Կենտրոնական բանկի կողմից միջամտությունից հետո:

Կենտրոնական բանկը հոկտեմբերի 4-ին էր հայտարարել արտարժույթի շուկայում գործառնություններ իրականացնելու մասին: Քթոյանի կարծիքով՝ քանի որ դրամի արժեզրկման հիմքում տնտեսական շարժառիթներ չկային, տնտեսական գործիքներով այդ ամենը համեմատաբար հեշտ եղավ հաղթահարել: «ԿԲ միջամտությունն ի ցույց դրեց, որ բանկը վերահսկում է  իրավիճակը: Երբ ԿԲ-ն միջամտություն արեց, այսինքն՝ փորձեց դեֆիցիտը լրացնել պահուստների հաշվին, ամեն ինչ վերադարձավ իր նախկին հունին»,-ասաց նա:

Տնտեսագետը նկատեց՝ քաղաքական վայրիվերումներ չարձանագրվեցին, և դա էլ փոխեց մարդկանց սպասումները. մարդիկ հասկացան, որ սպասումների հիմքում այս պահին որևէ լուրջ բան չկա, հետևաբար հրաժարվեցին այդ սպասումներից:

Անդրադառնալով վերջին օրերին դոլարի փոխարժեքի շարունակ նվազմանը՝ Քթոյանը նկատեց, որ այն մարդիկ, որոնք աժիոտաժային պահանջարկ ցուցաբերեցին և ձեռք բերեցին արտարժույթ, հասկանալի է, որ, իրենց սպասումների փոփոխությամբ պայմանավորված, դրա մի մասը հետ կբերեն շուկա:

«Հիմա էլ առկա է հակառակ գործընթացը, պահանջարկը նվազում է, առաջարկը համեմատաբար բարձր մակարդակի վրա է: Այն «ճոճանակը», որը գործարկվեց շուկայում այն ժամանակ, հիմա դեռ աշխատում է, սակայն հակառակ ուղղությամբ: Որոշ ժամանակ հետո այդ տատանումները կմարեն, և չի բացառվում, որ կայունացում արձանագրվի՝ հնարավոր է մինչտատանումային մակարդակից մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա, սակայն կրկին 400 դրամի շրջակայքում»,-ասաց Քթոյանը՝ նկատի ունենալով կարճաժամկետ հատվածը:

Քթոյանի գնահատմամբ՝ ընդամենը օրեր տևած դրամի արժեզրկումը տնտեսության վրա էական ազդեցություն չի ունեցել: Ըստ նրա՝ հիմնական ինստիտուցիոնալ մասնակիցները շատ լավ հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում և կտրուկ քայլերի չգնացին, որևէ կերպ չմիջամտեցին, ձեռք չբերեցին արտարժույթ, որը հետո կկորցնեին:

Տնտեսագետը մոտ ապագայում փոխարժեքի կտրուկ փոփոխություններ չի սպասում: Սակայն բոլոր փոփոխություններն ածանցյալ են քաղաքական, աշխարհաքաղաքական իրողություններին: Ուստի Քթոյանը ապագայի համար դոլարի փոխարժեքի կանխատեսում չի անում: Շատ գործոններ կան, և դժվար է ասել, թե մեկ ամիս հետո որ գործոնը վճռական դերակատարում կունենա: «Զուտ տնտեսական հատվածով նման կտրուկ փոփոխություններ  չեն կանխատեսվում»,-նշեց նա:

Տնտեսագետը քաղաքացիներին խորհուրդ է տալիս իրենց խնայողությունները պահել այն արժույթով, որին համապատասխան ծախսեր են անում, եթե ծախսերը դրամային են, ապա պետք է դրամ ունենալ: Նրա մյուս խորհուրդն է՝ չփորձել փոխարժեքի տատանումների շնորհիվ գումար վաստակել, քանի որ զգալի դեպքերում դա ավարտվելու է կորուստներով:  «Իսկ եթե փորձում են խնայողություններն ապահովագրել, եղանակներից մեկը դիվերսիֆիկացիան է՝ տարբեր արժույթները»,-նշեց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ դրանք չաշխատող ակտիվներ են, և գնաճով կամ այլ գործոնով պայմանավորված՝ դրանց եկամտաբերությունը կարող է նվազել:

  • Կիսվել: