երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ պետք է իմանալ ՀԴՄ կիրառման կանոնների մասին

Ինչ պետք է իմանալ ՀԴՄ կիրառման կանոնների մասին

ՀՀ ՊԵԿ-ը հրապարարակել է ՀԴՄ կիրառման կանոնների վերաբերյալ տարածված հարցերի պատասխաններ։

 

Ո՞ր դեպքերում է պարտադիր ՀԴՄ-ի կիրառումը

 

Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանը ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում:

Որո՞նք են ՀԴՄ կիրառման կանոնները

ՀԴՄ կիրառողը պարտավոր է կիրառել կառավարության որոշմամբ սահմանված տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ:

ՀԴՄ կիրառողը պարտավոր է տրամադրել ՀԴՄ կտրոն՝ ապրանքները հանձնելու պահին գնորդից կամ մատուցված ծառայությունների դիմաց պատվիրատուից գումար ստանալու դեպքերում։

ՀԴՄ կտրոնի վրա տպագրված վավերապայմանները և տվյալները պետք է համապատասխանեն կատարված գործարքին, լինեն անզեն աչքով ընթեռնելի։

 

Որքա՞ն է տուգանքի չափը կանոնները խախտելու դեպքում

Առավել հաճախ թույլ տրվող խախտումը՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելն է, այդ թվում՝ ստացված կանխավճարի դիմաց: ՀԴՄ կիրառման կանոնների խախտման համար հարկ վճարողը տուգանվում է 200 000 դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր ՀԴՄ-ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 %-ի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի քան 10 մլն դրամը:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին դրսևորել կամավոր կարգապահություն և զերծ մնալ հարկային օրենսդրության պահանջները խախտելուց, իսկ ՀՀ բնակչությանը՝ կատարված գնումների դիմաց պահանջել և ստանալ ՀԴՄ կտրոն` ճշտելով այդ կտրոնի վրա տպագրված վավերապայմանների համապատասխանությունը կատարված գործարքին:

  • Կիսվել: