երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինչ չասաց Վահան Քերոբյանը Ամուլսարի գործարքի մասին․ «Հրապարակ»

Ինչ չասաց Վահան Քերոբյանը Ամուլսարի գործարքի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ աչքալուսանք տվեց հայ հասարակությանը` «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել, եւ շուտով կսկսվի Ամուլսարի շահագործումը։ Իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 22-ին, գործարքի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր ստորագրվեց ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ։

Ինչպե՞ս է գոյացել այս 250 մլն դոլարը, ի՞նչ է տալու կառավարությունը դրա դիմաց, ի՞նչ է ստանալու ժողովուրդը՝ մինչ օրս ոչինչ պարզ չէ։ Նախարարության կայքում երեկ տեղադրված հաղորդագրությունն ավելի է խճճում իրավիճակը։

Կարդում ենք․ «Հուշագրով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱԶԲ-ի կողմից «Լիդիան Արմենիային» 100 մլն ԱՄՆ դոլար վարկային փոխառություն տրամադրելու վերաբերյալ։ Իր հերթին ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումն իրականացնել հանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ նպաստել Ամուլսարի ազդակիր համայնքներում տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը»։ «Կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը, ինչպես նաեւ ծրագրի շինարարության ընթացքում կվճարի տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն»,- նշել է Վահան Քերոբյանը:

Տեքստի պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պետությունն ամեն տարի 7 մլն դոլար է ներդնելու համայնքներում, եւ առնվազն 100 մլն դոլարի վարկ է տրվում Ամուլսարի շահագործման համար։ Եթե կառավարությունը «փայ է մտնում» «Լիդիան Արմենիայի» հետ` 12,5 տոկոսի բաժնետեր դառնալով, նշանակում  է, որ ինքն էլ պետք է մարի այդ վարկը։ Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունը եւ «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ յուրաքանչյուրն իր բաժնետոմսերի չափով, պարտավորություն են ստանձնում ԵԱԶԲ-ի առաջ։

Մինչդեռ նախկինում, առանց այս համաձայնագրի նման պարտավորություն պետությունը չուներ։ Կար մի մասնավոր ընկերություն, որից պետությունը փող էր ստանում, իսկ այսօր նաեւ պետությունն է ներդրում կատարելու։ «Լիդիան» ընկերությունը ստացել է գործընկեր` ի դեմս Հայաստանի Հանրապետության, որը ե՛ւ ֆինանսական պարտավորություն ունի, ե՛ւ եկամուտ` 12,5 տոկոսի չափով։ Բայց ի՞նչ է ունենալու ժողովուրդն այս եկամտից։  

7 մլն դոլար՝ համայնքներին, տնտեսական աճ՝ տարեկան 1 տոկոս, աշխատատեղեր՝ ահա նախարար Վահան Քերոբյանի լոլո-խոստումները, որոնք ոչինչ չարժեն։ Պարզ է, որ գումարները՝ այսպես, թե այնպես, առանց այս համաձայնագրի էլ պետք է վճարվեին «ազդակիր» համայնքներին, որոնց էկոլոգիան վտանգվում է, եւ աշխատատեղերն էլ` առանց այս գործարքի, ապահովվելու էին, հանքերում աշխատողներին չէին կարող Չինաստանից ներմուծել։ 

Պարզապես այդ ամենն արվելու էր ոչ թե պետության, այլ հանքարդյունաբերողի փողերից։ Իսկ հիմնական հարցերը, որոնք ի սկզբանե տրվել են Ջերմուկում հանքարդյունաբերություն զարգացնելու առիթով, որոնք հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է բարձրացրել դեռ 2018 թվականին, այսօր էլ մնում են։ Առաջինը՝ ինչո՞ւ պետք է հանքը Սերժ Սարգսյանի կողմից եւ Արմեն Սարգսյանի միջնորդությամբ տրված լիներ հենց «Լիդիան Արմենիային»։ Երկրորդ՝ ի՞նչ եղավ Ջերմուկի էկոլոգիան, որը սպանվելու է ցիանիտի օգտագործմամբ։ Հիշում ենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նախատեսվում էր սկսել 2018-ին, բայց ջերմուկցիների եւ բնապահպանական կազմակերպությունների ճնշման տակ հանքի ճանապարհը փակվեց, եւ ընկերությանը թույլ չտվեցին աշխատել։

Փաշինյանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տվյալները բնապահպանության նախարարության կողմից թաքցնելու առթիվ, ապա միջազգային փորձագետներ բերվեցին, գործը կարճվեց։

Հիմա Փաշինյանը փաստացի «փայ է մտնում» այն նույն ընկերության մեջ, որը նախկիններն էին բերել Հայաստան։ Բնապահպանական խնդրի մասին նոր համաձայնագրի կնքման ժամանակ խոսել է ԵԱԶԲ խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլյինը։ «Ակնկալում ենք իրականացնել մի ծրագիր, որը կհամապատասխանի բնապահպանական անվտանգության բարձր պահանջներին, դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա եւ կստեղծի նոր զբաղվածության հնարավորություններ բնակչության համար»։ Այսքանը։ Ոչ ոք չի բացատրում, թե ինչպես եղավ, որ հիմա շրջակա միջավայրի վտանգների տեսանկյունից հանքի շահագործումը դարձավ անվտանգ կամ ավելի անվտանգ, քան նախկին ծրագրում էր, ինչ նոր ներդրում են անելու, ինչ նոր տեխնոլոգիա են բերել։ Ոսկու կորզման միակ եղանակը բնության համար մահաբեր ցիանիտի օգտագործումն է, այլ եղանակ աշխարհը չգիտի, եւ այս առումով ոչինչ  չի փոխվել։ 

Հետեւապես, այս «շահավետ» գործարքը հերթական սուտն է, հերթական ոչ թափանցիկ գործարքը։ Քանի որ դրա վերաբերյալ չկա բավականաչափ տեղեկատվություն, կարող ենք ենթադրել,  որ այս 12,5 տոկոսը հոսելու է բոլորովին այլ ուղղությամբ։ Իշխանությունը սրանով հերթական անգամ հնարավորություն  է ստանալու ՔՊ-ական շրջանակից որեւէ մեկին «Լիդիանում» աշխատանքի նշանակել։ Նա, որպես բաժնեմասի տնօրեն, կունենա ամսական մի քանի տասնյակ հազար դոլարի աշխատավարձ՝ միանգամայն մաքուր, լվացված փող, որը կհոսի ում գրպանը որ ուզի։ Նմանատիպ գործարք տեսանք 2021 թվականին, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 15 տոկոսը տրվեց ՔՊ-ական կառավարությանը, վերջինս էլ դրա տնօրինման իրավունքը հանձնեց ԱՆԻՖ հիմնադրամին։ Եվ մինչ օրս մեզ չեն ասում, թե ինչ են արել ամեն տարի այս 15 տոկոսը։ Այնինչ սա բյուջետային փող է, որի վերաբերյալ հաշվետվությունը պետք է տրվեր ԱԺ-ում, եւ որի ճակատագիրը պետք է որոշվեր հրապարակավ եւ թափանցիկ ձեւով։

ՀԳ․ Ի դեպ, երկար տարիներ Ամուլսարի շահագործման դեմ պայքարած բնապահպաններն ընդհատակ են իջել` այս գործարքի դեմ պայքարող չկա»։

Ամբողջությամբ հոդվածը օրաթերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: