երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իմ եղբայրը, ժողովրդի լեզվով ասած՝ աշխատավարձով աշխատող է. Ալեն Սիմոնյան

Իմ եղբայրը, ժողովրդի լեզվով ասած՝ աշխատավարձով աշխատող է. Ալեն Սիմոնյան

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է իր եղբորն առնչվող ասֆալտապատման մրցույթի տենդեր շահելուն վերաբերող հանրային հնչեղություն ստացած հարցին։

«Խնդրահարույց չէ՞ արդյոք այն, որ Սիմոնյանի եղբայրը շահում է նման տեդերներ և արդյո՞ք դա կոռուպցիա չէ» , -հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել է.

«Եկեք պարզենք՝ կոռուպցիա է, թե՝ ոչ: Այդքան գումարներ են ծախսվում. այդ լրատվամիջոցները, հետաքննող լրագրողները գրանտներ են շահում, հարցազրույցներ են տալիս, և դա բավարարում է միայն, որ ֆիքսում են, որ իմ եղբայրն աշխատում է մի տեղ՝ որպես հասարակ աշխատակից։ Եվ բավարարվում են նրանով, որ գնում են և 86 տարեկան տատիկիս դռան ետևից նկարում են և ասում, որ տանը մարդ չկա: Գիտեք՝ դա կոռուպցիա կլիներ, եթե այդ ընկերությունն անհավասար պայմաններում լիներ, և այդ ընկերության գոնե 1 տոկոսը պատկաներ իմ եղբորը: Իմ եղբայրը երկու բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ է, որը տարբեր աշխատանքներում իրեն շատ լավ է դրսևորել և այդ մրցույթները շահելը կամ չշահելը որևէ ձևով չի անդրադառնում իր աշխատավարձի կամ եկամուտի վրա: Նա ժողովրդի լեզվով ասած՝ աշխատավարձով աշխատող է։ Եկեք հասկանանք՝ ամբողջ այդ աղմուկը բացի նրանից, որ իմ անունն են ավելացնում։ Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր»:

Նա հավելել է, որ այդ ոլորտում ամենամեծ աշխատանքը կատարում է և հաճախ շահում է ընդդիմադիր առաջնորդներից մեկի բարեկամի ընկրությունը:

«Իսկ ինչու չեն գրում, որ այդ բարեկամը կարող է իշխանության հետ կապված է, և իրենք էլ են տենդեր շահում: Եկեք այդ տրամաբանությունն օգտագործենք: Նորից եմ ասում՝ մարտահրավեր են չակերտավոր նետում բոլոր այն մարդկանց, որոնք առավոտյան արթնանում են և իմ անունն ու ազգանունը գրում են, որպեսզի այդ նյութը կարդացվի: Գտեք այդ կոռուպցիան»,- նշել է նա:

  • Կիսվել: