հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հյուսիս-հարավ»-ի Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցման աշխատանքների ժամկետը երկարացվեց մինչեւ 2024-ի ապրիլի 30-ը

«Հյուսիս-հարավ»-ի Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցման աշխատանքների ժամկետը երկարացվեց մինչեւ 2024-ի ապրիլի 30-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016-ի նոյեմբերի 18-ով թվագրված «Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» դրամաշնորհային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությանը:

Դրանով առաջարկվում է երկարաձգելու դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը մինչև 2024թ. ապրիլի 30-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս դրամաշնորհային համաձայնագրի (6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ և 6 մլն եվրո տեխնիկական աջակցություն), ինչպես նաև ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև 2013թ. նոյեմբերի 18-ին Լյուքսեմբուրգում և 2013թ. նոյեմբերի 7-ին Երևանում ստորագրված համանուն ֆինանսական պայմանագրի (60 մլն եվրո) շրջանակներում իրականացվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ տրանշի ներքո Լանջիկ-Գյումրի 27.47 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:

Ծրագրի շրջանակներում կնքվել են շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության իրականացման պայմանագրեր, որոնցով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին 2022թ. դեկտեմբերին, մինչդեռ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ էականորեն ազդել են դրա ավարտման ժամկետի վրա: 

Մասնավորապես, ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ճանապարհի ծրագծի վրա գտնվող Բենիամին համայնքում հայտնաբերվել է հնագիտական տեղամաս, և անհրաժեշտություն է առաջացել՝ վերանայելու նախագիծը և շրջանցելու նշված հատվածը, իրականացնելու ազդակիր լրացուցիչ հողամասերի օտարման գործընթաց, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել աշխատանքների իրականացման նախնական ժամանակացույցի վրա: 

Բացի այդ, կապալառուի կողմից 2022թ. աշխատանքները կասեցվել էին մոտ 8 ամսով՝ ԵՆԲ ֆինանսավորման հետաձգման պատճառով: Մինչ ԵՆԲ ֆինանսավորման վերսկսումը՝ ՀՀ կառավարությունը միջոցներ է տրամադրել առկա պարտավորությունների մարման և աշխատանքների վերսկսման համար: Այնուամենայնիվ, նշյալի հետևանքով աշխատանքները հետ են ընկել սահմանված ժամկետից: 

Աշխատանքների իրականացման արդյունավետության վրա որոշակի ազդեցություն է ունեցել նաև համավարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը։

Այժմ անհրաժեշտություն է առաջացել՝ երկարաձգելու դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը մինչև 2024թ. ապրիլի 30-ը:

  • Կիսվել: