չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսատուրքի և հարկերի չափով գումար վճարեն

Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսատուրքի և հարկերի չափով գումար վճարեն

2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի մշակած որոշման նախագծից։

Դեպոզիտային հաշվին քաղաքացին պետք է փոխանցի իր ներմուծած ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար։ ՊԵԿ-ի հիմնավորումն այն է, որ այդ ավտոմեքենաները, օրինակ, Վրաստանում գրանցվում են ավելի ցածր վճարներով, քան Եվրասիական տնտեսական միության գործող վճարման չափերն են, իսկ ՀՀ-ում, ըստ գերատեսչության, ներմուծվում ու տնօրինվում են «ձևական» ժամանակավոր եղանակով։

«Ներկա պահին Հայաստանի Հանրապետության տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի գծով: Դրա փոխարեն Հայաստանի Հանրապետությունում շահագործվող, սակայն գրանցում չստացած խնդրո առարկա տրանսպորտային միջոցների մասով վերը նշված վճարներով համալրվում են այլ երկրների պետական բյուջեի եկամուտները»,-ասված է ՊԵԿ նախագծում:

Նշվում է, որ գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։ Չնայած E-draft.am-ում այս նախագծին դեմ է արտահայտվել 1044 հոգի, սակայն, այն ընդգրկվել է Կառավարության նիստի օրակարգ՝ ընդ որում, չզեկուցվող նախագծերի ցանկում է։


  • Կիսվել: