հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հստակ սպեկուլյացիա՝ դոլարի հետ կապված․ 2-3 բանկ ԱՄՆ–ից կանխիկ դոլար են բերում և վաճառում մյուս բանկերին. Պարսյան

Հստակ սպեկուլյացիա՝ դոլարի հետ կապված․ 2-3 բանկ ԱՄՆ–ից կանխիկ դոլար են բերում և վաճառում մյուս բանկերին. Պարսյան

Այսօր՝ հուլիսի 20-ին, «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ հանքարդյունաբերության ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են, գների աճ կա եւ դրա հաշվին է, որ մեր երկրի արտահանումը աճ է գրանցել

Նրա խոսքով, այս իրավիճակը նման է 2000-ականների վիճակին, երբ Հայաստան մեծ քանակությամբ դոլար էր գալիս շինարարության ոլորտ: Դոլարի փոխարժեքը հասավ ընդհուպ մինչեւ 300-310 դրամի: Այն ժամանակ ԿԲ նախագահը Տիգրան Սարգսյանն էր, որը շատ գեղեցիկ ներկայացնում էր, որ դա շատ լավ է, մեր տնտեսությունը շուտով արտադրողականության թռիչք է ապահովելու: Բայց իրականության մեջ ոչինչ էլ չունեցանք: «Հիմա էլ նմանատիպ իրավիճակ է: Իշխանությունը կարող է ներկայացնել, որ տեսեք, փող ենք բերել, ուզում ենք ծախսել, իսկ դուք բողոքում եք այդ փողից: Փող չկա՝ բողոքում եք, փող կա՝ բողոքում եք»,-ասաց նա:

Սուրեն Պարսյանը նկատեց. «Երբ խոսվում է, որ տրանսֆերտները մեծ ազդեցություն ունեն սպառման ծավալների վրա, դրանով, ըստ էության, ջուր ենք լցնում ԿԲ-ի ջրաղացի վրա. վիճկագրության համաձայն 2022-ի հունվար-մայիսին մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 1,8 տոկոսով: Լավ, եթե այդքան տրանսֆերտ է եկել,  այդքան գումար է մտել Հայաստանի տնտեսություն, տուս տուրսիտներ են եկել, մանրածախ առեւտրի էական աճ չենք ունեցել: Մենք ունեցել ենք գների սպեկուլյատիվ աճ եւ այդ գումարներով թանկ ապրանքներ են գնվել: Այնպես չէ, որ պահանջարկն ավելացել է: Այսինքն մարդը էլի երկու հաց է գնել, այնպես չէ, որ փողը շատ եկել է, հիմա սկսել է 4 հաց առնել»։

Նա անդրադարձավ նաեւ բանկերի կողմից արտարժույթի կանխիկացման դեպքում 3-5 տոկոս միջնորդավճարի պահանջին. «ԿԲ-ն իր պատկերացմամբ, ստերիլիզացիա է իրականացնում, երբ օրինակ, կանխիկացման դեպքում 3-5 տոկոս գումար է ուզում: Սրանով ԿԲ-ն ուզում է բանկերի ֆինանսական վիճակը կայունացնի եւ նաեւ որոշակի բյուջե է լցնում: Բայց դա նրան չի հաջողվում, որովհետեւ հստակ է, որ մենք կանխիկ դոլարի պակաս ունենք տնտեսության մեջ»:
Պարսյանի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ մեր բանկերը նախկինում իրենց կանխիկ դոլարի խնդիրը լուծում էին ռուսական բանկերի միջոցով: Հիմա ՀՀ-ում կա 2-3 բանկ, որ կարողանում է ԱՄՆ-ից կանխիկ դոլար բերել: Այդ բանկերը դոլարը վաճառում են մյուս բանկերին: Այսինքն, ըստ Պարսյանի պարզաբանման,  այստեղ կա հստակ սպեկուլյացիա  դոլարի հետ կապված։

  • Կիսվել: