շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՀՌՀ-ի եւ արգենտինական ENACOM-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՌՀ-ի եւ արգենտինական ENACOM-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Աշխատանքային այցով Արգենտինական Հանրապետությունում գտնվող  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը փետրվարի 23-ին հանդիպել է Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի (ENACOM) նախագահ Կլաուդիո Ամբրոսինիի և մարմնի անդամների հետ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ նախարարների կաբինետի վերադասության ներքո գործող ENACOM-ը հեռահաղորդակցությունների և տեսալսողական ծառայությունների կանոնակարգման և վերահսկման ինքանավար մարմին է, որի առաջնային նպատակներից է տեսալսողական հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցությունների կանոնակարգումը, վերահսկումն ու ֆինանսական վերահսկողությունը։

Զրույցի ընթացքում, որին ներկա է եղել Արգենտինական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը, ընդգծվել է տեսալսողական մեդիայի բնագավառում համագործակցության հաստատումից բխող երկկողմ շահավետությունը, քննարկվել՝ մի շարք նախագծեր, որոնց իրագործումը կնպաստի համագործակցության խթանմանն ու զարգացմանը։

Հանդիպման ավարտին Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի (ENACOM) և Հայաստանի կարգավորող մարմնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը տեխնիկական և համակարգային համագործակցության հաստատումն է՝ հիմնված կողմերի միջև տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման վրա։

Տ․ Հակոբյանը այցելելու է «Արգենտինական ռադիո և հեռուստատեսություն» պետական ընկերություն, հանդիպելու ընկերության նախագահ Ռոսարիո Լուֆրանոյի հետ, որի ընթացքում քննարկվելու են Արգենտինայի պետական հեռուստառադիոընկերության և Հայաստանի Հանրային հեռարձակողի միջև համագործակցության, հանրօգուտ հանդիսացող տեսալսողական նյութերի համատեղ արտադրման և տարածման հնարավորությունները:

Նախատեսված է ՀՌՀ նախագահի հանդիպումը Արգենտինայի և Ուրուգվայի հայկական լրատվամիջողների ղեկավարների հետ։

  • Կիսվել: