երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Հրազդանի կիրճը կստանա հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ

Հրազդանի կիրճը կստանա հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճին տալ հատուկ պահպանվող համայնքային տարածքի կարգավիճակ։

 Համապատասխան որոշման նախագիծն արդեն մշակվել է և առաջիկայում կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց  աշխատակազմի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։ «Բնապահպանության վարչության կողմից արդեն մշակվել է ավագանու որոշման նախագիծը, որը կներկայացվի առաջիկա նիստում։ Այս գործողության իրականացմամբ՝ օրենքի փոփոխությունների փաթեթի ընդունումից հետո Երևանը կդառնա առաջին համայնքը, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող համայնքային տարածք։ Սա նաև կարևոր հանձնառություն է Հայաստանում անցկացվելիք COP17-ի շրջանակում»,-նշեց Հայկազյանը։

Նրա խոսքով՝ ինչպես բոլոր հատուկ պահպանվող տարածքները, այնպես էլ Հրազդանի կիրճը պետք է ունենա կառավարման պլան։

«Այդ նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից արդեն հայտարարվել է համապատասխան մրցույթ»,- ասաց  նա։

 

  • Կիսվել: