չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
HopShop և Text'n Pay Me ստարտափները Հայաստանը կներկայացնեն «Ձեռներեցության աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում

HopShop և Text'n Pay Me ստարտափները Հայաստանը կներկայացնեն «Ձեռներեցության աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում

ՀՀ ԲՏԱ-ից հայտնում են, որ Հայաստանի ամերիկյան համալսարանում օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
 

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Բրայան Ա․ Էլիսոնը, ՀԱՀ-ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն Մայքլ Քուչակջյանը, Համաշխարհային ձեռներեցության ցանցի նախագահ Ջոնաթան Օրթմանսը:

Հիմնական ելույթներից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Ինչպե՞ս արագացնել ստարտափ էկոհամակարգի հասունացման գործընթացը Հայաստանում» թեմայով, որին մասնակցել է նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 100 ստարտափ, որոնցից եզրափակիչ են անցել 12-ը:

Ժյուրի անդամների քվեարկության արդյունքներով «Ձեռներեցության աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն HopShop և Text'n Pay Me ստարտափները։

Մրցանակակիրները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից դրամաշնորհի արժանացած ստարտափներից են։

Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Հայկ Մարգարյանը, Schellenberger Ventures GmbH-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը, Strategic Value Ventures-ի հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը, «Սերվիս Տիտան»-ի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը։

«Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն է (EPIC)։ Մրցույթի ազգային համակազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։

Ձեռներեցության աշխարհի գավաթը ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է։ Մրցույթի առաջին՝ ազգային փուլը, իրականացվում է յուրաքանչյուր երկրում, այնուհետև հաղթողները անցնում են մրցույթի միջազգային փուլ։

«Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2022» միջազգային մրցույթին  Հայաստանը մասնակցում է արդեն 2-րդ անգամ։ Հատկանշական է, որ 2 տարի անընդմեջ Հայաստանը հնարավորություն է ստանում հեղինակավոր այս մրցույթի միջազգային փուլին մեկի փոխարեն ներկայանալ երկու ստարտափով:

  • Կիսվել: