կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հոկտեմբերի տվյալներով՝ կենսաթոշակառուների կողմից իրականացված անկանխիկ գործարքները   շուրջ 1,8 միլիարդի են հասել․ Դավիթ Խաչատրյան

Հոկտեմբերի տվյալներով՝ կենսաթոշակառուների կողմից իրականացված անկանխիկ գործարքները շուրջ 1,8 միլիարդի են հասել․ Դավիթ Խաչատրյան

«Մեր թոշակառուների թոշակն ուղղակի կերպով մինչև 5000 դրամ բարձրացրինք  և սա պարզապես բառեր չեն, ես բազմաթիվ կենսաթոշակառուների գիտեմ, որ արդեն մի քանի ամիս շարունակ  ստանում են մինչև 5000 դրամ հետվճար, ինչն իրենց թոշակին մոտ 10 տոկոսով ավելացում է»,- ԱԺ նիստի ընթացքում ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանից հետաքրքվեց, թե Անկախիկ գործառնությունների մասին օրենքի ընդունումից հետո ի՞նչ փուլում է կենսաթոշակառուների ներգրավվածությունը՝ անկախիկ գործարքներից հետվճար ստանալու ծրագրին։ 

«Ծրագիրը ներդրեցինք և կենսաթոշակի որոշակի բարձրացում ապահովեցինք  մեր կենսաթոշակառուների համար, ընտրված ժամկետն էլ պատահական չէր, հուլիսի 1-ին՝  Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ընդունմանը զուգահեռ։  Մինչ այդ կենսաթոշակառուները բանկերից թոշակը ստանալով մինչև 3 օրվա ընթացքում ամբողջը կանխիկացնում էին։ Հոկտեմբերի տվյալներով՝ անկանխիկ գործարքները շուրջ 1,8 միլիարդի են հասել, ամեն ամիս աճողական տեղաշարժ է լինում», - Խաչատրյանի համոզմամբ՝ այս ծրագիրը դրական գնահատականի է արժանացել ու դեռ պետք է շարունակել իրականացնել նաև հաջորդ տարում։ 

«Ցավոք, ոչ բոլոր բանկերն են միացել համակարգին՝ 3-4 բանկ, դա նշանակում է, որ մեր ոչ բոլոր կենսաթոշակառուները նման հնարավորություն ունեն, հնարավորության դեպքում վստահ եմ անկանխիկ գործառնությունների ծավալը շատ ավելի մեծ կլիներ։ Կարևորում ենք այն հանգամանքը, որ  հետվճարի 50 տոկոսը պետությունն է վճարում, մյուս 50 տոկոսը բանկերը ՝ սա պետության և բանկային համակարգի համատեղ աշխատանքի արդյունք է և նաև բանկային համակարգի հանրային պատասխանատվության հարցը։ Կարևոր է նաև դրա մասին խոսել և դա արձանագրել» - նկատեց Գևորգ Պապոյանը։ 

«Ընդամենը 4 բանկ է միացել, չնայած, որ այդ 4 բանկի կենսաթոշակների վճարման ծածկույթը 60 տոկոսից ավելի է, նաև որոշակի շարժ կա ծրագրին չմիացած բանկերի կողմից։ Մինչև ծրագիրը սկսելն անկանխիկ եղանակով քարտերի միջոցով կենսաթոշակ էին ստանում  389 հազար շահառու, այսօր այդ թիվն արդեն 415 հազար է։ Ծրագրին միացած  բանկերը 4-ն են՝ Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ և ՎՏԲ Հայաստան բանկ»,- նշեց Դավիթ Խաչատրյանը։

 

  • Կիսվել: