չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՀՆԱ-ն 2023-ի արդյունքներով գերազանցել է 9,5 տրիլիոն դրամը, աճը կազմել է 8,7 տոկոս. Գևորգ Պապոյան

ՀՆԱ-ն 2023-ի արդյունքներով գերազանցել է 9,5 տրիլիոն դրամը, աճը կազմել է 8,7 տոկոս. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ներկայացնելով մակրոտնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, հայտարարեց՝ ՀՆԱ-ն 2023-ի արդյունքներով գերազանցել է 9,5 տրիլիոն դրամը, աճը կազմել է 8,7 տոկոս, որը համարվում է ոչ միայն շատ բարձր ցուցանիշ, այլև նախանշված հավակնոտ թիրախից ավելի բարձր է եղել:

1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է մոտ 8200 ԱՄՆ դոլար կամ ավելի քան 24 տոկոսով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելացել Հայաստանում: 

Ապրանքների և ծառայությունների աճը կազմել է 28,7 տոկոս, իսկ ներմուծման աճը՝ 28,3 տոկոս: Վերոնշյալ ցուցանիշի արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 58,2 տոկոս, իսկ ներմուծում-ՀՆԱ հարաբերակցությունը՝ 58,9 տոկոս:

Նախարարի խոսքով՝ ցուցանիշը կարևորում է, քանի որ արտահանում-ՀՆԱ ցուցանիշը էականորեն մոտ է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումներով հաստատված՝ ապրանքների և ծառայությունների արտահանում-ՀՆԱ՝ 60 տոկոս թիրախային ցուցանիշին:

«Այսինքն՝ մենք 60 տոկոս ցուցանիշ ենք սահմանել 2026-ի համար, և այս պահի համար ունեցել ենք 58,9 տոկոս ցուցանիշը: Այո, սրանք ցուցանիշներ են, որոնք դեռ պետք է պահել, բնականաբար, պահել այս ուղղությամբ աշխատանքը, որպեսզի նաև կարողանանք ավելացնել»,- նշեց Պապոյանը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներին, հայտնեց՝ 2023-ի հունվար-դեկտեմբերին ունեցել ենք 2 միլիոն 316 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 39,1 տոկոսով ավելի է եղել:

  • Կիսվել: