շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՀԿԱԾ-ը բարելավում է քաղաքացիների սպասարկման համակարգը. էլեկտրոնային վճարման նոր ծառայություն է ներդրվել

ՀԿԱԾ-ը բարելավում է քաղաքացիների սպասարկման համակարգը. էլեկտրոնային վճարման նոր ծառայություն է ներդրվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (cesa.am) ներդրվել է վճարումային նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս կատարել խմբային վճարումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը:

«Քաղաքացին նախկինում, ենթադրենք, 10 վարույթով պետք է կատարեր վճարումներ, և դրանց համար առանձին-առանձին կատարում էր գործողություններ, իսկ այժմ աշխատակիցը 1 գործողությամբ ընդհանուր գումարը գանձում է, և դա խնայում է թե՛ աշխատակցի ժամանակը, թե՛ քաղաքացու: Դա էլ իր հերթին նպաստում է քաղաքացիների սպասարկման որակի բարելավմանը»,- ասաց Խաչատուր Իգիթյանը՝ ընդգծելով, որ էլեկտրոնային ծառայության ներդրմամբ ակնկալվում է, որ սպասարկման կետերում կնվազեն հերթերը:

Խաչատուր Իգիթյանը նաև տեղեկացրեց, որ ծրագիրը 1 շաբաթ է, ինչ գործում է, և արդյունքում նվազել են քաղաքացիների դժգոհությունները, բարելավվել է աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:

Քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով ծառայության պաշտոնական կայքէջում ներդրվել է նաև էլեկտրոնային գրասենյակ, որում գրանցվելու դեպքում քաղաքացին կարող է ծանոթանալ իր նկատմամբ առկա կատարողական վարույթներին, հետևել կատարողական գործողություններին, ներբեռնել որոշումները, ծանոթանալ դրանց: Համակարգը կարող է էլեկտրոնային ճանապարհով անմիջապես ծանուցել իր հաշիվների վրա արգելանք դրվե՞լ է, թե՞ ոչ, մանրամասնեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը:   

«Հարկադիր կատարողը կատարողական վարույթը հարուցում է էլեկտրոնային եղանակով, մինչդեռ քաղաքացին ծանոթանում է «ՀայՓոստի» միջոցով, թղթային տարբերակով: Գրանցվելով հարթակում և ունենալով անձնական գրասենյակի սեփական օգտահաշիվը՝ քաղաքացին կարող է իրազեկվել իր նկատմամբ հետագայում ծառայությունում հարուցվելիք կատարողական վարույթի մասին կամ արդեն իսկ առկա վարույթների շրջանակում որևէ նոր գործողություն իրականացնելիս»,- ասաց Վարդուհի Պետրոսյանը:

Նա նաև նկատեց, որ, ճիշտ է, քաղաքացիներն օգտվում են նոր համակարգից, բայց քիչ չեն նաև այն քաղաքացիները, որոնք նախընտրում են անձամբ սպասարկվել:

  • Կիսվել: