կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հիփոթեքային վարկի մարման նպատակով 2023 թվականին աջակցություն է ստացել 3617 շահառու

Հիփոթեքային վարկի մարման նպատակով 2023 թվականին աջակցություն է ստացել 3617 շահառու

Բնակարանի հիփոթեքային վարկի մարման նպատակով 2023 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 3617 շահառու. վճարվել է շուրջ 2 մլրդ 661 մլն դրամ։

Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ 2024 թվականին նախատեսված է այս ծրագիրը բարեփոխել՝ բարձրացնելով բաղադրիչների հասցեականությունն ու թիրախայնությունը։

Մկրտչյանն ասաց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով 2024 թվականին կշարունակվի երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական ​​աջակցության ծրագիրը։ 

Նախարարը նշեց, որ սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության պետական ​​աջակցության ծրագրով հաստատվել է շուրջ 280 դիմում։

Մկրտչյանը նշեց, որ այս համատեքստում կարևորվում է ծնելիության խրախուսմանն ուղղված միջոցառումների դերը, մասնավորապես՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վեց տարի ամսական 50 հազար դրամ վճարելու դրամական աջակցության ծրագիրը,  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգի վերանայումը:

Անդրադառնալով նպաստների տրամադրման ծրագրին՝ նա նշեց, որ նպաստները կավելանան, բայց աջակցությունն ավելի հասցեական կդառնա։ Ըստ նրա՝ կարևոր է աշխատել մարդկանց մտածելակերպը փոխելու և նրանց խրախուսելու, որ աշխատանքի միջոցով լուծեն իրենց սոցիալական խնդիրները։

«Մյուս կարևոր փոփոխությունն այն էր, որ եթե նախկինում մինչև երկու տարեկան երեխային խնամելուց հետո աշխատանքի վերադառնալիս ծնողին նպաստի վճարումը դադարեցվում էր, ապա այժմ նպաստի վճարումը շարունակվում է։ Բացի այդ, խնամքի նպաստ է տրամադրվում նաև չաշխատող մայրերին։ Այս բոլոր փոփոխությունները դարձյալ արվել են ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով»,- եզրափակեց նա։

  • Կիսվել: