երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀՀ ընդհանուր տնտեսությունում իրական միջին աշխատավարձն աճել է, սակայն դա չի վերաբերում պետական հատվածի աշխատավարձին. «Լույս» հիմնադրամ

ՀՀ ընդհանուր տնտեսությունում իրական միջին աշխատավարձն աճել է, սակայն դա չի վերաբերում պետական հատվածի աշխատավարձին. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադարձել է նախօրեին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մտքին, որ «2022թ.-ի տվյալներով, գնաճի էֆֆեկտը հանած, 6.3%-ով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է»:

Այս առնչությամբ հիմնադրամը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ 2022թ.-ին անվանական աշխատավարձի աճի տեմպն արագացել է, սակայն բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը բավական ցածր է եղել, իսկ պետական հատվածում՝ նվազող։ 

«Միջին ամսական անվանական աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում 2022թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով՝ կազմելով 235,576 դրամ։ Մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19%-ով՝ կազմելով 256,733 դրամ։Սակայն պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է բավական ցածր՝ 4.3% տեմպով և կազմել 186,940 դրամ։

Իրավիճակն առավել մտահոգիչ պատկեր է ստանում, երբ ցուցանիշները դիտարկվում են ոչ թե անվանական, այլ իրական միջին ամսական աշխատավարձի և Հայաստանում 2022թ.-ին գրանցված միջին գնաճի համատեքստում։ 2022թ.-ին աշխատավարձերի աճին զուգահեռ գրանցվել է բավական բարձր՝ 8.6% գնաճ։ Այդ պայմաններում ընդհանուր տնտեսությունում իրական միջին աշխատավարձի աճը կազմել է 6.4%, մասնավոր հատվածում՝ 9.6%, իսկ պետական հատվածում իրական միջին աշխատավարձը նվազել է 4%-ով:

Ամփոփելով վերոգրյալը, Փաշինյանի նշած` «գնաճի էֆֆեկտը հանած», Հայաստանի ընդհանուր տնտեսությունում, այո', իրական միջին աշխատավարձն աճել է, սակայն դա չի վերաբերում պետական հատվածի աշխատավարձին: Պետական հատվածում միջին իրական աշխատավարձը նվազել է 4%-ով:

Այսինքն՝ 2022թ.-ին, Հայաստանի վարձու աշխատողների զգալի մասի՝ շուրջ 30%-ի մոտ արձանագրվել է կենսամակարդակի էական նվազում, որոնց թվում են ուսուցիչները, պետական հաստատությունների բուժ. աշխատակիցները և այլ վարձու աշխատողները։

Հետևաբար, Փաշինյանի կողմից ս.թ. հունիսի 22-ի կառավարության նիստի ընթացքում արված այն հայտարարությունը, թե Հայաստանում աշխատավարձը գնաճից ավելի շատ է աճել, սին է, քանի որ չի վերաբերում պետական հատվածի աշխատողների աշխատավարձին և պարունակում է մանիպուլյատիվ տարրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: