հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել

ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որի անվանումը կարող է կապվել խաղային բիզնեսով զբաղվող կազմակերպության անվանման հետ, այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պետք է փոխեն իրենց անվանումները:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը:

 

«Մենք այլևս չենք ունենա այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որը իրավունք է ստանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, և որի անվանումը վերջին 10 տարվա ընթացքում կարող ենք ուղղակիորեն կապել կամ այն շփոթության աստիճան կարող է նման լինել այնպիսի անվանման, այնպիսի ապրանքանիշի հետ, որը 10 տարվա ընթացքում զբաղվել է խաղաղային բիզնեսով՝ շահումով խաղով, տոտալիզատորով և այլն: Այսպիսով՝ չենք կարող ունենալ խաղային բիզնեսի հայտնի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը վստահեցրեց՝ պետությունը տնտեսական առումով խնդիր չունի, գործարարների, բիզնեսի հետ խնդիր չունի, խնդիր ունի խաղամոլության դեմ պայքարի հարցում: Իսկ դա անուղղակի գովազդ է ստացվում, այն ուղղակիորեն ասոցացվում է խաղի հետ:

Նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումները փոխել և ընտրել այնպիսի անվանումներ, որոնք կապ չեն ունենա խաղային բիզնեսի հետ:

«Սա ուղիղ կապված է խաղամոլության դեմ պայքարի մեր հանձնառության հետ»,-ընդգծեց Պապոյանը՝ հավելելով, որ իշխանության գործողությունները միտված են նրան, որ խաղամոլության տարածման այն ահագնացող տեմպը, որ այսօր կա, կարողանան կոտրել:

  • Կիսվել: