երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ-ում ջրամբարներ նախագծող միայն մեկ ընկերություն կա, և նա է միայն մրցույթներին մասնակցում. սա շատ վատ է. Փաշինյան

ՀՀ-ում ջրամբարներ նախագծող միայն մեկ ընկերություն կա, և նա է միայն մրցույթներին մասնակցում. սա շատ վատ է. Փաշինյան

Չպետք է մոռանանք մեր հանձնառությունը, որ պետք է Հայաստանում համեմատաբար փոքր 15 ջրամբար կառուցենք: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն իր հերթին նշեց. «Մեր աշխատանքային խումբը շատ սերտորեն աշխատում է մյուս պետական մարմինների հետ: 15-ից 6-ի պարագայում լավատեսական տեղեկություն կարող եմ տալ, արդեն կայացել են նախագծման մրցույթները, նախագծողներն ընտրվել են եւ նախագծում են:

6-ից երեքի դեպքում այս տարի նախագծերը պատրաստ կլինեն, մյուս երեքի դեպքում գումարած երեք ամիս հետո պատրաստ կլինեն: Այսինքն մենք տարվա վերջ եւ հաջորդ տարվա առաջին եռամսյակ, եթե անակնկալներ չլինեն, 6-ի համար կունենանք պատչաստի նախագծեր, որից հետո կգնան մյուս փուլերը:

Այդ 6-ից մեկի դեպքում կա արտաքին խաղաոցներից մեկի հետ խնդիրներ. Այդ թասի տարածքում հանմրապետական նշանակության կոմունիկացիաներ կան՝ գազ, էլեկտրագծեր, պետք է կարողանանք լուծումներ գտնել:

Իսկ մյուս 9-ը այն ջրամբարներն են, որոնց ցուցանիշները նախնական բավարար արժանահավատություն եւ խորություն չեն ունեցել: Հիմա ՎԶԵԲ-ի հետ իրականացվում են ուսումնասիրություններ:

6 ջրամբարի դեպքում մենք կհավաքենք մոտ 20 մլն խմ ջուր, իսկ 15-ը միասին՝ 100-110 մլն խմ ջրի մասին է խոսքը»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ քննարկումներից մեկի ժամանակ իրեն ասել են, որ Հայաստանում ջրամբարներ նախագծող ընկերությունների պակաս կա, ըստ էության մեկ այդպիսի ընկերություն կա եւ մրցույթներին միայն այդ ընկերությունն է մասնակցում. «Սա շատ վատ է, եւ մենք պետք է ներգրավենք օտարերկրյա ընկերությունների, որ նախագծումը պատշաճ ժամանակում տեղի ունենա: Այդ տեմպով միայն նախագծման վրա կարող է 5 տարի կորցնենք:

Այս պահին ասում ենք 15 ջրամբար, բայց մեր ռազմավարությունը պետք է լինի 150, 250, 350 ջրամբար: Խոսքը փոքր ջրամբարների մասին է, եւ վստահաբար կան շատ տեղեր, որտեղ դա հնարավոր է անել»,-ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: