երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հակոբ Սիմիդյանը ֆինն գործընկերներին է ներկայացրել բնապահպանության ոլորտի բարեփոխումները

Հակոբ Սիմիդյանը ֆինն գործընկերներին է ներկայացրել բնապահպանության ոլորտի բարեփոխումները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ողջույնի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը վկայակոչել է հայ-ֆիննական սերտ համագործակցությունը բնապահպանության ոլորտում և իր պատրաստակամությունն հայտնել էլ ավելի սերտ գործակցության՝ հաշվի առնելով ֆիննական կողմի հսկայածավալ փորձը շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման բնագավառում։

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվել է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը: Ծրագրի նպատակն էր հզորացնել շրջակա միջավայրի նախարարության կարողությունները կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և դրա ճանապարհային քարտեզի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտային հարցերի լայն շրջանակ։ Նախարարը գործընկերներին է ներկայացրել նախորդ տարվա ընթացքում իրականացված հիմնական բարեփոխումները։

Անդրադարձ է կատարվել մասնավորապես վաղ նախազգուշացման համակարգին և այդ համատեքստում հիդրոօդերևութաբանական ծառայությունների մոնիթորինգային կարողությունների զարգացմանը և հզորացմանը։

Կողմերը տեսակետներ են փոխանակել համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև անտառտնկման և անտառվերականգնման խնդրին։ Ֆիննական կողմը ներկայացրել է տնկարանների գործունեության իր փորձը և առաջարկել հայաստանյան մասնագետների համար վերապատրաստան հնարավորություն ստեղծել։

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունների և փորձի փոխանակման վերաբերյալ:

  • Կիսվել: