ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ն պաշտոնապես ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների. Փաշինյանը՝ ռուսական ալիքները փակելու մասին

ՀՀ-ն պաշտոնապես ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների. Փաշինյանը՝ ռուսական ալիքները փակելու մասին

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2020-ի դեկտեմբերի 30-ից գործում է համաձայնագիր երկու կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին. այս պայմանագրով կարգավորվում են մեր հարաբերությունները ՀՀ-ում ռուսական եւ ՌԴ-ում հայկական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ: Այս մասին, այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում չեն արգելվում ռուսական հեռուստաալիքները, որոնք Հայաստանի եւ նրա ղեկավարի հասցեին վիրավորանքներ պարունակող հաղորդումներ են հեռարձակում:

Նրա խոսքով, այդ համաձայնագրում կա հստակ կարգավորում, որ  երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն.

«Մեր պետական ինստիտուտները, ՀՌՀ-ն, ԲՏԱ նախարարությունը, վերջին ամիսներին արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք մեր կարծիքով խախտում են նշված պայմանագրերը: Մենք հաշվի առնելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, եւ առկա իրողությունները ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որ այս իրադրությունը քննարկենք ու հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն ելքերն ու հետեւությունները:

Հույս ունեմ, որ այդ խորհրդակցությունները տեղի կունենան հնարավորինս արագ, որ կարողանանք  այս հարցը բարեկամական նորմալ մթնոլորտում կարգավորել»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: