կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ն կարող է ամբիցիաներ ունեցող երկիր  դառնալ և աշխարհին, մոլորակի մարդկանց ինչ-որ լուծումներ առաջարկել․ ԲՏԱ նախարար

ՀՀ-ն կարող է ամբիցիաներ ունեցող երկիր դառնալ և աշխարհին, մոլորակի մարդկանց ինչ-որ լուծումներ առաջարկել․ ԲՏԱ նախարար

Կա բանավեճ, թե արհեստական բանականությունը որքանով է գալիս փոխարինելու մարդուն, ինչպիսին են վախերը, մտավախությունները. առաջարկում եմ ավարտենք այս բանավեճը և մեզ համար արձանագրենք, որ մենք պետք է արդեն մտածենք, թե ինչպես ներդնենք արհեստական բանականության գործիքները Հայաստանի տնտեսության մեջ, թվայնացման համակարգում, ռադիոհաղորդակցության, տեղեկատվության, գիտության ոլորտում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր խոսքում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Այս առումով կարևոր են այսօրինակ համաժողովները: Երբ մենք խոսում ենք տեխնոլոգիաների մասին, պետք է հասկանանք, որ մարդու մտածելակերպի, ընկալման, հույզերի մեջ երկու մոտեցում կա. մի կողմից ուզում ենք գտնել լուծումներ, մյուս կողմից կան այդ վախերը, որոնք տիպիկ են մարդուն: Բոլոր տեխնոլոգիական հեղափոխությունների ժամանակ այդ վախերը եղել են:

Ես առաջարկում եմ նայենք առաջ. այն պետություններն ու ազգերը, որոնք երկար կմտածեն դրա շուրջ, իրենք հետ են մնալու ամբողջ աշխարհի զարգացումից: Ես ունեմ մտավախություն, որ մենք տեղ-տեղ արդեն ուշացել ենք, հետևաբար, թռիչքային աճի համար մեզ պետք են 10 անգամ ավելի արագ որոշումներ և գործողություններ:

Խոսվեց նաև թղթաշրջանառության թվայնացման մասին. ես կարող եմ ասել, որ ցայսօր էլ պետական տարբեր գերատեսչություններում, որտեղ առաջարկվում են նոր ռազմավարություններ, նոր մոտեցումներ, դուք դժվարությամբ կգտնեք այդ թղթերում «արհեստական բանականություն» բառակապակցությունը:

Ես ուզում եմ լավատեսություն հաղորդել և ասել, որ ԲՏԱ նախարարությունը ստանձնելու է առաջնորդություն արհեստական բանականության շուրջ խոսակցությունները ոչ միայն հանրության հետ, այլև մյուս գերատեսչությունների հետ ճիշտ կոմունիկացնելու հարցում:

Այդ վախերը, որ նույնիսկ պետական ապարատում ցայսօր կան, մենք պետք է կոտրենք և պետք է անենք հենց այսօր, հենց հիմա: Ես հենց այդպես եմ պատկերացնում թռիչքաձև աճի ապահովումը: Ի՞նչ թվայնացման, ի՞նչ պետական ապարատի աշխատանքի արդյունավետության  մասին կարող ենք խոսել, եթե մենք ունենք այդ վախերը անգամ որոշում կայացնողների մակարդակով»,- հայտարարեց Մխիթար Հայրապետյանը:

Նա բնական համարեց, որ այս առումով հանրության շրջանում բազմաթիվ հարցեր կարող են լինել. «Բայց մեր առաջնորդությունը չափազանց կարևոր է, որ մենք կոտրենք այդ վախերը: Դրանք կոտրելով Հայաստանը, վստահ եմ՝ աշխարհում լինելու է մրցունակ: Միայն այդ ճանապարհով է, որ Հայաստանը կարող է դառնալ ամբիցիաներ ունեցող երկիր և աշխարհում ունենալ իր կարևոր դերը՝ աշխարհին ինչ-որ լուծումներ առաջարկելով: Դա, իհարկե, փոխելու է Հայաստանի, հայ արարողի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը՝ հավերժ բողոքողից դառնալով լուծումներ առաջարկող և օգտակար սուբյեկտի վերածվող Հայաստան»:

Նշենք, որ «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի նպատակն է միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության ոլորտի փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարություններն ու լուծումները, որոնք կարող են հեղափոխել բիզնեսի գործառնությունները:

Համաժողովի բանախոսների թվում են «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Պիրջանյանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:

  • Կիսվել: