հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը երբեք օրենքով չի թույլատրել առանց լիցենզիայի տաքսի վարել. վարչապետ

ՀՀ կառավարությունը երբեք օրենքով չի թույլատրել առանց լիցենզիայի տաքսի վարել. վարչապետ

ՀՀ կառավարությունը երբեք օրենքով չի թույլատրել առանց լիցենզիայի տաքսի վարել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ «2018 թվականին թույլ տվեցիք, որպեսզի անհատ տաքսու վարորդներն առանց լիցենզիաների աշխատեն, իսկ 2 տարի անց՝ օրեր առաջ, նույն հարցի վերաբերյալ հայտարարեցիք, որ յուրաքանչյուր տաքսու վարորդ պարտավոր է ունենալ լիցենզիա, այլապես չի կարող զբաղվել տվյալ գործունեությամբ, ի՞նչ է՝ հիմա ավելի ապահո՞վ է այդ վարորդը, քան 2 տարի առաջ»։

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Մենք տաքսու վարորդներին ազատել ենք արտոնագրային վճարից, Երեւանում՝ 12 հազար, իսկ մարզերում 8 հազար։ Լիցենզիան անվճար է, դա այն որակական պահանջներն են, որոնք ՀՀ օրենքով սահմանված են տաքսիների համար եւ այդ պահանջները սահմանված են անվտանգություն ապահովելու, նաեւ սպառողների շահերը պաշտպանելու համար, որպեսզի քաղաքացիները տաքսի նստելիս հնարավորինս անվտանգ եւ հարմարավետ երթեւեկեն։

Ուրիշ բան, որ մարդիկ լիցենզիայի պայմանները համատարած չեն պահպանում, ինչի արդյունքում առաջանում են պրոբլեմներ, օրինակ, օդանավակայանում հայտնի տաքսիների պատմությունը։ Հիմա ճգնաժամային վիճակ  է, եւ պետք  է նայենք՝ այս վիճակում ինչ ենք անում։

Քանի որ 2019 թվականին տուրիզմի ահռելի աճ ունեինք, եւ այս տարի էլ սպասում էինք ահռելի աճ, մենք կարծում ենք, որ տուրիզմի զարգացման առումով մեր հարգարժան տաքսու վարորդներն իրենք իրենց առաջ որակական չափանիշները պետք է բարձրացնեն։ Ուզում եմ ընդգծել՝ երբեք առանց լիցենզիայի տաքսի վարելը ՀՀ օրենքով թույլատրված չի եղել»:

  • Կիսվել: