հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ-ի տնտեսական մրցունակությունը զարգացնելու և կառավարումը բարելավելու նպատակով մեկնարկեց «Տնտեսական հիմքեր` հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը

ՀՀ-ի տնտեսական մրցունակությունը զարգացնելու և կառավարումը բարելավելու նպատակով մեկնարկեց «Տնտեսական հիմքեր` հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը

Պաշտոնապես մեկնարկեց Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) «Տնտեսական հիմքեր` հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը` 24,5 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով։ Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, զարգացնել մրցունակությունն ու բարելավել տնտեսական կառավարումը` պետական և մասնավոր հատվածների հետ սերտ համագործակցության միջոցով:  

Հնգամյա ծրագրի արդյունքում ակնկալվում է նպաստել առնվազն 60 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ներդրումների մոբիլիզացիային՝ «Ներդրումների մոբիլիզացման հարթակի» մշակման միջոցով և հնարավոր դարձնել առնվազն 750 ընկերությունների վաճառքների աճը: Ծրագրի նպատակներից է նաև նպաստել գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը` առանցքային իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու միջոցով: 

«ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հանձնառու է աջակցել Հայաստանի տնտեսական աճին: Դա ներառում է մասնավոր հատվածի հետ գործընկերության հաստատում` ներդրումներ, տեխնոլոգիաներ և գիտելիք ներգրավելու համար, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավում, ներդրումային խթանների տրամադրում և տնտեսական զարգացման քաղաքականությունների մշակում: «Տնտեսական հիմքեր` հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իր գործունեությունը չի սկսում զրոյից: ԱՄՆ ՄԶԳ-ն հիմնվում է տնտեսական կառավարման, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում տրամադրած իր նախկին և ընթացիկ աջակցության վրա՝ ամրապնդելու ավելի դիմակայուն Հայաստան ունենալու մեր ջանքերը»,-իր բացման խոսքում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:  

Ծրագիրը հասցեական նախաձեռնությունների միջոցով տեխնիկական աջակցություն է տրամադրելու կառավարությանը, աշխատելու է զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնավոր հատվածի ընկերությունների և ասոցիացիաների հետ:  

«Մենք լիահույս ենք, որ ծրագիրը կնպաստի Հայաստանի տնտեսության առջև ծառացած մի շարք խոշոր մարտահրավերների հաղթահարմանը, ինչն էական երկարաժամկետ նշանակություն կունենա Հայաստանի տնտեսական անվտանգության բարձրացման համար»,-ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։  

Ծրագիրը չորս փոխլրացնող նպատակ է հետապնդում` բարելավել պետական գործընկեր կառույցների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, զարգացնել թիրախային ոլորտների արտահանման ներուժն ու մրցունակությունը, խթանել կատալիտիկ ներդրումները և աջակցել Հայաստանին` հաղթահարելու տնտեսական ցնցումներն ու օգտվելու ի հայտ եկող հնարավորություններից:  

«Մենք ակնկալում ենք, որ ծրագիրը կյանքի կկոչի նորարարական, կայուն և համակարգային լուծումներ և կզարգացնի միջոլորտային փոխգործակցությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական բարձրացմանը, արտահանման մրցունակության քաղաքականության արդյունավետության ամրապնդմանը և ֆինանսական կապիտալի արդյունավետ օգտագործմանը»,-իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:  

Բազմակողմ նախաձեռնությունների արդյունքում ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ ապահովելու արդյունավետ տնտեսական առաջնորդություն, զարգացնելու փոքր և միջին ձեռնարկությունների կարողությունները, ընդլայնելու խոշոր շուկաներին հասանելիությունը և ավելացնելու արտահանման ուղղությունները։

  • Կիսվել: