երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ֆինանսների նախարարը ֆրանսիական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարը ֆրանսիական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային տնօրեն Ֆաննի Դելպեն, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ:

Ֆինանսների նախարարն անդրադարձել է ԶՖԳ եւ ֆինանսների նախարարության միջեւ բյուջետային աջակցության շրջանակներում նախորդ տարվա արդյունավետ համագործակցությանը եւ կարեւորել է ներկայում ծրագրի շարունակականության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են նաեւ մի շարք համագործակցային հարցերի հեռանկարների, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն աջակցության հարցերին: Դեսպան Դըկոտինյին իր խոսքում առանձնահատուկ կարեւորել է Վեդու ջրամբարի ծրագիրը, որը կողմերի միջեւ արդյունավետ համագործակցության վառ օրինակներից է:

Նախարար Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ոռոգման եւ հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ, որը կարող է կողմերի միջեւ համագործակցության եւս մեկ խոշոր ուղղություն հանդիսանալ:

Հանդիպմանը կողմերը երկուստեք բարձր են գնահատել առկա գործընկերային հարաբերությունների մակարդակը եւ ընդգծել, որ ներկա պայմաններում այն լավ հիմք է ապահովում բոլոր ուղղություններով համագործակցության խորացման համար:

 

  • Կիսվել: